Պետք չէ շտապել ԵՏՄ-ի միասնական արժույթի ստեղծման հարցում. Շուվալով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կարծում է, որ պետք չէ շտապել ԵՏՄ-ի շրջանակներում միասական արժութային միության ստեղծման հարցում:
Շուվալովը նման կերպ է մեկնաբանել ԵՏՄ-ի միասնական արժույթի ներդրման հեռանկարները. «Մենք ընդհանրապես ոչ վաղ անցյալում տեսել ենք, թե ինչպես են արժեզրկվում Բելառուսի, Ռուսաստանի Ղազախստանի արժույթները: Այժմ մեր գործընկերներն են լինելու Հայաստանը, Ղրղզստանը:
Այստեղ շատ են հարցերը, անկարելի է սխալներ գործել, պետք չէ շտապել: Ռուսաստանի բանկն արժութային-դրամավարկային միության հարցում առավելությունների ու թերությունների շուրջ երկխոսություն է վարելու ազգային մյուս բանկերի հետ: Երբ կլինեն արդյունքներ, այդ մասին կզեկուցվի երկրի ղեկավարությունը: Դա դեռ փորձագետների աշխատանքն է»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին ՌԴ ԿԲ-ին ու կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը հստակեցնել ԵՏՄ-ի արժութային միության ստեղծման հարցը: