
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ սկսել են իրականացվել մասնակի վերանորոգման ու տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախարարը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ, հստակեցրել դրանց կատարման ժամկետները:
Այցի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում բուժանձնակազմի հետ, քննարկվել են բուժմիավորումում նոր ծառայությունների, սարքավորումների և տարբեր տեսակի գործիքների ներդրման հետ կապված խնդիրները:
Այդ առիթով նախարարը բուժմիավորման տնօրինությանը հանձնարարել է բարձրացված հարցերի վերաբերյալ նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկներ և հավաստիացրել է ներկաներին, որ վերանորոգմանը զուգահեռ բուժհիմնարկը կհամալրվի նաև համապատասխան սարքավորումներով, միջանցքներում կտեղադրվեն բավարար քանակությամբ նստարաններ, հեռուստացույցեր և կստեղծվեն բոլոր պայմանները հարմարավետություն ապահովելու համար:
Կստեղծվի նաև շուրջօրյա պահակային հերթապահություն:
ԼՂՀ առողջապահության նախարարություն