Բոլոր կուսակցությունները վերահսկելի են այս «ռեժիմի խանի կողմից». Ժիրայր Սէֆիլյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարելի է ակնկալել Հիմնադիր խորհրդարանից արտաքին քաղաքականության վերաբերյալ, եթե այն գա իշխանության, օրինակ, ԵՏՄ անդամակցությունը միակողմանի կասեցվելո՞ւ է: Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ իրենք առհասարակ դեմ են որևէ վերպետական կազմակերպության անդամակցմանը ՀՀ-ին՝ դա լինի ԵՏՄ թե ԵՄ կամ այլ վերպետական կազմակերպություն. «Անշուշտ կասեցվելու է, և կարծում եմ, որ ոչ միայն ԵՏՄ-ի պրոցեսն է կասեցվելու, այլև այստեղ 15-20 տարիների ընթացքում բազմաթիվ միջազգային պայմանագրեր կան կնքված ՀՀ-ի կողմից, որոնք ի վնաս մեր երկրի և իշխանության են»:

Հարցին՝ կա՞ն ինչ-որ քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք, չեք բացառում, որ կարող են ձեզ հետ այդ իշխանափոխության օրերին հարթակ բարձրանալ, Ժ.Սէֆիլյանը պատասխանեց, որ գործիչներ, անհատներ կան, սակայն «քանի որ կուսակցությունները կայացած չեն», այսօր իրենք չեն կարող ունենալ դաշնակից կուսակցություններ՝ գործակցելու իրենց գործին. «Մեր գլխավոր դաշնակիցը մեր ժողովուրդն է, ինչո՞ւ չէ, նաև բազմաթիվ՝ այս կամ այն կուսակցությունների անդամներ, որոնք բարի նպատակներով են անդամագրված եղել այս կամ այն գաղափարական ուղղվածություն ունեցող կազմակերպության»:

Ժ. Սէֆիլյանի խոսքով՝ քանի որ բոլոր կուսակցությունները վերահսկելի են այս «ռեժիմի խանի կողմից», ապա իրենք անիմաստ են գտնում գործակցության եզրեր գտնելը.

«Մեր բեմը պետք է լինի այնպիսին, որ քաղաքական իմաստով վարկաբեկված մարդիկ այնտեղ չլինեն, որովհետև, եթե հերթական անգամ մենք փորձենք վարկաբեկված դեմքերին հարթակ բարձրացնել, մեր ժողովուրդը նորից հասկանալու է, որ արմատական փոփոխություն տեղի չի ունենալու»:

Հարցին՝ անուններ կնշե՞ք՝ ովքե՞ր են լինելու Ձեզ հետ, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց.

«Այսօր Հիմնադիր խորհրդարանն ունի իր շուրջ համախմբված տարբեր մարդկանց: Կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, դժվարանում եմ այլ անուններ տալ»:

Ճշտող հարցին՝ նրանք կլինե՞ն հաթակում, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ կարծում է՝ եթե լինեն հարթակում, օգուտ տված կլինեն գործին:

Հարցին էլ՝ Հիմնադիր խորհրդարանը որոշե՞լ է, թե իշխանափոխությունից հետո ո՞ւմ են տեսնում իրենք նախագահի պաշտոնում, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ այսօրվա «լեգիտիմացման» գործընթացի գլխավոր նպատակն այն է, որ այսօրվանից ժողովուրդը լիազորի Հիմնադիր խորհրդարանին, որ Հիմնադիր խորհրդարանը կարողանա կառավարել երկիրն անցումային ժամանակաշրջանում. «Մեր պատկերացմամբ՝ առավելագույնը 2 տարի: Իսկ այդ անցումային ժամանակահատվածում, մեր պատկերացմամբ՝ Բաղրամյան 26-ի գործառույթները պետք է բաշխվեն Հիմնադիր խորհրդարանի նախագահի և Հիմնադիր խորհրդարանի կողմից ձևավորված գործադիրի վրա: Անցումային ժամանակահատվածում նախագահի պաշտոն չի լինելու»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս