Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո պարոն Վարչապետ կրկին Ձեզ եմ դիմում

1958 թվականից սկսվել են ինձ և եղբայրներիս պատկանող տան շինարարության աշխատանքները, որոնք ավարտվել են 1963 թվականին։ Արդյունքում` նշված հասցեում գտնվող տան 1/4 մասը բաժին է հասել ինձ (հիմք` 1965թ. համար 42 տոմար 765 գույքային թերթը)։ 1975թ. ամուսնացել եմ Ջեմմա Մրրիկյանի հետ։ 1984թ. մարտ ամսին Արաբկիրի ժողդատարանի վճռի հիման վրա նրա հետ ամուսնալուծվել եմ 04.03.1985թ.։ Ջեմման բնակվել է Կոմիտաս 44շ, 14բն. հասցեում։

Սակայն իր քրոջ պարտքերի պատճառով ստիպված է եղել բնակարանը վաճառել 1993թ., հետո խնդրեց վերադառնալ, հանուն երեխաներիս` նրան թույլ եմ տվել կրկին բնակվել իմ տանը։

Քանի որ երեխաներն արդեն չափահաս էին դարձել և իմ հոգածության կարիքը չունեին, իսկ իմ և նախկին կնոջս հարաբերությունները կրկին սրվել էին, 2006թ. դիմել եմ դատարան` իմ բնակարանի նկատմամբ Ջեմմա Մրրիկյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը հատուցման դիմաց դադարեցնելու մասին պահանջով։ Թեև Ջեմմա Մրրիկյանը դատարանում ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել վեճի վերաբերյալ, սակայն 19.09.2006թ. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների րնդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել իմ ներկայացրած հայցը բավարարելու մասին։

Դրանից հետո Ջեմմա Մրրիկյանը և նրա փաստաբան Զարուհի Դանիելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Բողոքի քննության ժամանակ նրա փաստաբան Զարուհի Դանիելյանի կողմից տրված ակնհայտ սուտ ցուցմունքների հիման վրա, վերաքննիչ դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը։ Իր որոշմամբ դարձրել է համասեփականատեր։

Վերը նշվածի կապակցությամբ ՀՀ Երևան քաղաքի Դատախազությանը հաղորդում եմ ներկայացրել կատարված հանցագործության մասին, սակայն 17.02.2010թ. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Լ.Կ. Յազիչյանի թիվ 41/3 615 որոշմամբ քրեական գործի հայցը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով` իբրև հանցակազմի բացակայության պատճառով։ 18.05. 2010թ. նոր հիմնավորումներով և լրացուցիչ փաստերով ևս մեկ հաղորդում եմ ներկայացրել:

ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Գ.Խ. Երեմյանից ստանում եմ մանկամիտ պատասխան։ Սույնով պարզ դարձավ, որ ՀՀ քրեական հետապնդիչ մարմինները համառորեն չեն ցանկանում անգամ քննություն անցկացնել ակնհայտ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը բացահայտելու համար։ Հետևաբար` «արդարությունն առանց ուժի անզոր է»։ Նոր փաստերով ներկայացրել եմ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին։

Դիմումին կից ներկայացրել եմ այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ես 1984թ. դիմել եմ դատարան, 6 ամիս ժամկետից հետո 1985թ. ստացել եմ ապահարզանի կամ ամուսնալուծության որոշումը։ Նոր հիմքերով ներկայացրել եմ հինգ (5) գրավոր փաստեր, հաստատված կլոր կնիքով։ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Սիլվա Հովսեփյանը, անտեսելով ներկայացրած փաստերը, իրեն գցելով «Կանաչների պարտեզը», ծախվեց փաստաբանին, չհասկանալով «ամուսնալուծություն» և «ապահարզան» բառերը, որոնց հոմանիշ լինելով` աղավաղելով փաստերը, արեց եզրակացություն, այն է` մերժեց իմ հայցը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Ի. Վարդանյանը կրկնեց նույն սխալը։

Սա գիտելիքի պակաս չէ` ծախվող դատավորի կողմից։ Կա ռուսական ասացվածք` «рыбак рыбака видит издалека», իսկ մեզ մոտ դատավորը դատավորի բանկետի ընկեր է, կամ դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը` համր դատավոր։ Կարծում եմ` «բանկետ» բառն այստեղ կարելի է փոխարինել «կոռուպցիա» բառով, քանի որ դա են համոզում շատ դատական որոշումներ մեր հանրապետությունում, իրենցից բխող ծանր հետևություններով։ Երկիրն «անտերության», բարձիթողի վիճակում է, մնում է, որ քաղաքացին իր իրավունքը պաշտպանի հաշվեհարդարով։

Այս երկար տարիների ընթացքում դիմել եմ բոլոր օրենսդիր պետական պաշտոնյաներին, սակայն սայլը տեղից չի շարժվում` պատճառաբանելով, որ ես իբր 20 օրվա ժամկետ եմ բաց թողել։ Ստացվում է, որ օրենքը խախտողին պետք է պատժել ինչ-որ ժամկետում, հետո նա պատասխանատվություն չի կրում կատարած սխալի համար, որովհետև ժամկետանց է։ Իմ բոլոր դիմումներին ստանում եմ պատասխան, որ դիմումս նույնաբովանդակ է։ Բոլորը գիտեն, որ դատավորն օրենքները-Սահմանադրությունը ծալել-դրել է իր գրպանը, քանզի ունի հովանավորող։ ՀՀ քաղաքացին օրենքից օգտվելու համար պետք է կլորիկ գումար հանձնի արդարադատությանը նպատակաուղղված հոշոտողին` իր իրավունքն ի հայտ բերելու համար։ Առանց ամոթի խոսում են, որ` մենք աշխատել ենք օրենքով, և բոլոր խախտողներն օրենքի առաջ պատասխան են տալու։

Խնդրում եմ ընդունելություն, որի ժամանակ ես կներկայացնեմ ավելի շատ փաստեր։
Կանխավ շնորհակալ եմ։

ՀՀ քաղաքացի Խաչիկ Հովհաննեսի Գևորգյան
ք. Երևան, Մինաս Ավետիսյանի 3-րդ փողոց, տուն 11/1
Հեռախոս 091371102
17.03.2015

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս