Վրաստանում իշխանափոխություն է հասունանում. Սահակաշվիլիի վերադարձը բացառված չէ

Վրացական ընդդիմությունը, ի դեմս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, սկսել է կառավարության հրաժարականի գործընթացը։ Կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական և փողոցային պայքար սկսելու մասին։ Գործընթացի պաշտոնական մեկնարկը տրվեց մարտի 21-ին Թբիլիսիում տեղի ունեցած «Ազգային շարժման» և նրա կողմնակիցների բազմահազարանոց, հուժկու հանրահավաքի ժամանակ, որին, ըստ կազմակերպիչների տվյալների, մասնակցել է շուրջ 50 հազար մարդ` կառավարության պաշտոնաթողության պահանջով։

Դա ընդդիմության ամենաբազմամարդ ակցիան էր 2012-ից հետո, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը»։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել էր բողոքի ակցիայի մասնակիցներին` ասելով. «Կառավարությունն ամբողջապես կորցրել է իր ժողովրդի վստահությունը և պետք է հեռանա։ Կառավարությունն այսօր ամբողջապես կորցրել է ժողովրդի վստահությունը և վաղուց է սուզվել կեղծիքի մեջ։ Այժմ մենք պետք է հեռացնենք ռուս օլիգարխի գլխավորած իշխանությունը և նրա ենթականերին»։

Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին համոզմունք էր հայտնել, որ իր ղեկավարած թիմն ընտրությունների ճանապարհով իշխանության կվերադառնա 2016 թվականին։
«Հավաքելով 5-7 հազար մարդ` «Ազգային շարժման» անդամները ցույց տվեցին, որ իրենք դեռ ողջ են։ Նրանք լկտի հայտարարություններ էին անում և միանգամայն առանց պատճառի պահանջում այն կառավարության հրաժարականը, որին ընտրել է ժողովուրդը»,- մարտի 22-ին հայտարարել է Իվանիշվիլին` շարունակելով, որ Սահակաշվիլիի կուսակցության հույսերը պատրանքային են։ Ակցիայի ավարտից հետո խորհրդարանական ընդդիմության ղեկավարները հայտարարել էին, որ «Միասնական ազգային շարժումն» այս շաբաթվանից մտադիր է ստորագրահավաք սկսել` Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու համար, իսկ այդ գործընթացը բավականին բարդ ընթացակարգի էր վերածվել հենց Սահակաշվիլիի օրոք, և այն պաշտոնապես սկսելու համար անհրաժեշտ են 150 պատգամավորական ձայներից 75-ը։

«168 Ժամի» հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն ասաց, թե կարծում է, որ երկրում քաղաքական գործընթացներ են մեկնարկել, որոնք արտահայտում են հասարակության մի մասի տրամադրությունները, բայց ելնելով սոցհարցումների արդյունքներից` կարելի է պնդել, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչներն են վայելում հասարակության մեծ մասի համակրանքը։ Թեև արժութային ճգնաժամի, լարիի արժեզրկման ֆոնին, ըստ Ստեփանյանի` մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհ են իշխանությունների տնտեսական և արտաքին քաղաքականությունից։ «Հիմնականում տնտեսական իրավիճակն է մղում հասարակությանն անվստահության, և խոսքը մեծամասնության մասին չէ։ Իվանիշվիլիի կոալիցիան մի շարք խոստումներ էր տվել, որոնք միայն մասամբ է իրականություն դարձրել»,- նկատեց Ստեփանյանը։

Հայ հասարակական գործչի կարծիքով` Սահակաշվիլիի վերադարձի հնարավորությունը ներկայումս փոքր է, քանի որ նա հետախուզման մեջ է, ինչն էլ բացառում է նրա վերադարձը Վրաստան։ Ըստ Առնոլդ Ստեփանյանի` նախկին նախագահի վերադարձն իրատեսական կդառնա իշխանափոխության դեպքում` կախված այն հանգամանքից, թե ովքեր կհայտնվեն իշխանության ղեկին, որքանով նվիրված կլինեն Սահակաշվիլիին։

«Ընտրություններից առաջ նրա վերադարձը ձերբակալության կհանգեցնի։ Չեմ բացառում, որ ընտրություններից առաջ երկրում այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, որ նրա կողմից նման քայլը կդառնա անհրաժեշտություն, թեև ես կասկածում եմ, որ այս սցենարը հնարավոր է, քանի որ նա ունի Վրաստանում քաղաքական թիմ, որն ակտիվ աշխատում է, հանրահավաքների դեպքում կարողանում է մի քանի տասնյակ հազար մարդ հավաքել։ Ավելի հավանական է մեկ այլ տարբերակ։

Նա իր քաղաքական հեղինակությունն օգտագործելով` կարող է հաջողության հասնել Ուկրաինայում, ինչն էլ դրական կարող է լինել նրա քաղաքական ճակատագրի համար Վրաստանում։ Նա շատ ակտիվ է մամուլում, Ուկրաինայում և երևի թե դեռ Վրաստան վերադառնալու անհրաժեշտություն չի զգում»,- նման տեսակետ հայտնեց Առնոլդ Ստեփանյանը։ Անդրադառնալով հայ համայնքում առկա տրամադրություններին` նա ասաց, որ հայ համայնքի մի մասն ավանդաբար սատարում է իշխանությանը, և կարևոր չէ, թե այդ իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է վարում։ «Դրանք այն մարդիկ են, որոնք գտնվելու են մշտապես իշխանությունների ուղեծրում։ Կա մեկ այլ հատված, որը համագործակցում է ընդդիմության հետ, աշխատում է, կան մարդիկ, ովքեր բացարձակապես չեզոք վերաբերմունք ունեն քաղաքական զարգացումների նկատմամբ, նրանց բացարձակապես չի հետաքրքրում քաղաքականությունը, նրանք ակտիվ ընտրազանգված չեն և սովորաբար անմտածված ընտրություն են կատարում»,- պարզաբանեց Առնոլդ Ստեփանյանը։

Մեզ հետ զրույցում, իր հերթին, թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն հայտնեց, որ մեկնարկած քաղաքական գործընթացների հաջողությունը մեծապես հնարավոր է համարում։ Նրա համոզմամբ` Վրաստանի ներկայիս իշխանությունները պրոռուսական քաղաքականություն են վարում` դրանով իսկ երկիրը տանելով սխալ ուղղությամբ։ Ըստ նրա` առաջիկա օրերին պաշտոնանկության հարցն ավելի երևակված կլինի։ Իսկ Սահակաշվիլիի վերադարձը, քաղաքագետի խոսքով, հնարավոր է, պարզապես այդ մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ներկայիս իշխանության օրոք նա հայտնվել է հետախուզման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս