«Ավետիսյանների տնից հայտնաբերվել է ծխախոտի առնվազն 17 մնացորդ»
Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում հայտնաբերվել էին նաև ծխախոտի մնացորդներ: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտնել էին, որ ծխուկներից 3-ի վրա թքի առկայություն է հայտնաբերվել, և ըստ փորձաքննության եզրակացության՝ դա թողնված է այնպիսի խմբի արյուն ունեցող անձի կողմից, ինչպիսին ունի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը:
Ըստ փաստաբանների՝ դատագենետիկական փորձաքննությունը 100 տոկոս ճշտությամբ կպատասխանի հարցին՝ արդյոք ծխուկները ծխվել են Վալերի Պերմյակովի՞ կողմից, թե՞ ոչ: Երեկ, պատասխանելով մեր հարցին, թե ինչպես կարող է դա բնութագրել այն անձին, ով կարող էր նաև ծխել դեպքի վայրում, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե նման հանցագործությունների դեպքերում վերլուծությունները պետք է կատարվեն մասնագետ հոգեբանի կողմից: «Շատ փաստեր կան, որոնց համեմատության միջոցով կարելի է եզրահանգումներ կատարել հանցագործի նկարագրի մասին: Սա պարզվում է դատական հոգեբանի կողմից կատարվելիք փորձաքննության արդյունքում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ քննչական գործողությունների արդյունքում էլ պետք է պարզվի՝ արդյոք Վալերի Պերմյակովը եղե՞լ է դեպքի վայրում, թե՞ ոչ:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե Ավետիսյանների տնից հայտնաբերվել է ծխախոտի առնվազն 17 մնացորդ, որոնք ուղարկվել են փորձաքննության. դրանցից 3-ի վրա առկա թուքը թողնված է արյան այնպիսի խումբ ունեցող անձի կողմից, ինչպիսին ունի Վ. Պերմյակովը: Արթուր Սաքունցի խոսքով՝ դրանք դեռևս պետք է լրացուցիչ փորձաքննության ենթարկվեն.
«Եթե նույնիսկ Պերմյակովը ծխել է, ապա նա միայնակ չի ծխել, չէ՞, վերջին հաշվով, 17-ն էլ: Դրա համար դա առանձին ուսումնասիրության առարկա պետք է դառնա»:
«Մենք միջնորդություններ ենք ներկայացրել սահմանը խախտելու փորձի հիմքով մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը լրացնելու մասին, որն այս պահին չի բավարարվել: Մենք միջնորդություն ենք ներկայացրել նաև Պերմյակովի նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել: Մենք գտնում ենք, որ այդ ուղղությամբ դեռևս անելիք ունենք, որովհետև հայկական կողմը չունի որևիցե իրավական հիմք կամ փաստաթուղթ, որը կարող էր խոչընդոտել Պերմյակովին Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս տանելուն:
Այդ ամենը դրված է ռուսական կողմի բարի կամքի դրսևորման վրա, որ Պերմյակովին ՀՀ տարածքից դուրս չեն բերում: Եթե նրան դուրս բերեն ՀՀ տարածքից և քննությունն անցկացնեն դրսում, ի՞նչ ունեն Հայաստանի իշխանությունները դրա դեմ ներկայացնելու կամ բողոքելու, եթե իրավական որևէ ձևակերպում չունեն»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Մեր հարցին, թե ինչո՞վ են պատճառաբանում միջնորդությունների մերժումը, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ առաջինի դեպքում նշում են, թե նպատակահարմար չէ, իսկ երկրորդ դեպքում նշում են, որ ռուսական կողմն արդեն լուծել է խափանման միջոցի հարցը. «Դա, իհարկե, անտրամաբանական է: Ավելին, երբ մենք ուզում ենք, նաև պահանջում ենք Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեների միջև կնքված այդ համաձայնագիրը, որի համաձայն՝ համագործակցություն է իրականացվում քրեական գործի շրջանակներում (դա, ըստ էության, կարող ենք համարել Քրեական դատավարության օրենսգիրքը լրացնող ինչ-որ փաստաթուղթ), դա, չգիտես` ինչո՞ւ, գաղտնիք են համարում»:
Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված մենք մի շարք գրավոր հարցեր էինք ուղղել ՀՀ քննչական կոմիտեին: Ի պատասխան մեր հարցադրումներին՝ գրավոր պատասխանում ասված է. «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ»:
Մենք, մասնավորապես, հետաքրքրվել էինք.
1. Արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը տարվե՞լ է դեպքի վայր, նրա մասնակցությամբ կատարվե՞լ է քննչական փորձարարություն, թե՞ ոչ: Եթե նման գործողություն չի կատարվել, ապա խնդրել էինք հայտնել՝ արդյոք քննչական խումբը դրա անհրաժեշտությունը չի՞ տեսել, թե՞ Վալերի Պերմյակովը չի ցանկացել մասնակցել փորձարարությանը:
2. Արդյոք նշանակված փորձաքննություններով պարզվե՞լ է՝ դեպքի վայրում հայտնաբերված 28 պարկուճներն արձակված են եղել նույն զենքի՞ց, թե՞ ոչ, արդյոք դրանք կրակված են եղել դեպքի վայրում հայտնաբերված «AKC 74» տեսակի ինքնաձիգի՞ց, թե՞ ոչ, արդյոք Ավետիսյանների վնասվածքները պատճառվել են նույն զենքի՞ց, թե՞ ոչ, պարզվե՞լ է՝ փորձաքննությանը ներկայացված «AKC 74» տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՞ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:
3. Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների և Վ. Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005թ. մինչև դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն մեկնել: Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես` Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Արդյոք քննությամբ պարզվե՞լ է՝ այդ ժամանակահատվածում Սերյոժա և Արմեն Ավետիսյաններն առնչություն ունեցե՞լ են Վալերի Պերմյակովի կամ նրա ընտանիքի հետ:
4. Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել էին փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար: Արդյոք ստացվե՞լ են նշանակված փորձաքննությունները, թե՞ ոչ:
5. Արդյոք պարզվե՞լ է Վալերի Պերմյակովի երթուղին ռուսական ռազմաբազայից մինչև Ավետիսյանների տուն, այնտեղից մինչև հայ-թուրքական սահման:
6. Արդյոք պարզվե՞լ է սպանության շարժառիթը:
7. Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին: Տուժողներից ո՞ւմ են պատկանել հայտնաբերված հեռախոսները, արդյոք մինչև դեպքը նրանց կողմից կատարվե՞լ կամ ստացվե՞լ են զանգեր Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարներից:
Ի պատասխան մեր բոլոր հարցերի՝ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործի շրջանակներում նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն մարտի 16-ին տարածել է հաղորդագրություն: Ըստ այդմ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակներն արձակվել են «AKC 74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ. Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ պարզաբանված մի շարք հանգամանքների վերաբերյալ մանրամասներ հրապարակել այս փուլում չենք կարող: Ստացված փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ՝ թույլատրելիության սահմաններում»: