Բաժիններ՝

«Սա լոբի ուտողների միությո՞ւն է». Գագիկ Ջհանգիրյանը քննադատեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները

Այսօր Աժ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը թունդ քննադատության ենթարկեց այն: Օրինագիծն, ի դեպ, մշակել են Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Արծվիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մհեր Շահգելդյանը: Այն նախատեսում է ԱԺ-ում նոր մարմնի՝ բյուջետային գրասենյակի ստեղծում: Այդ գրասենյակում պետք է աշխատեն համակարգող փորձագետն ու 4 այլ փորձագետներ, որոնք պետք է բյուջեի մուտքերի ու ծախսերի վերաբերյալ տեղեկանքների տրամադրի, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրի մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն:

Գ. Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ ոչ ոք չի խոսում ստեղծվող մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակի մասին. «Ո՞նց կարա ԱԺ աշխատակազմինը լինեն աշխատողները, ու ինքը աշխատկազմինը չլինի: Տեղեկանքը հո չի՞ արտադրում. պետք է հարցումներով ստանա, բայց այդ լիազորությունը չի գրվել: Հո «ժեկ» չի՞, որ մենակ տեղեկանք տա»:

Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ վախենում են, որ ԱԺ պատգամավորները Վերահսկիչ Պալատի զեկույցները կարդան, չեն հասկանա, այս մարմնին են ասելու՝ տեղեկանք տվեք: Դիտարկմանը, թե մարմին չի, Գ. Ջհանգիրյանը հակադարձեց. «Եթե մարմին չի ուրեմն կամ ֆիզիկական անձ է, կամ ՍՊԸ: Ո՞ր մեկն է: Ոչ էն եք գրում, ոչ էն»:

Գ. Ջհանգիրյանի այս հայտարարությունը հարուցեց պատգամավորների մի մասի ծիծաղը:

«Սա լոբի ուտողների միությո՞ւն է, գարեջրի կողմնակիցների՞ ՀԿ է: Ի՞նչ է: Բա աշխատավարձ եք տալիս: Որ մարմին չի, ի՞նչ է: ՎՊ-ի դեմ եք ստեղծում՝ ասեք: Եթե չեք վստահում ՎՊ նախագահին, հանեք դրան: Բայց մարմիններ սարքելով ո՞նց կլինի: Դուք չեք գնում օրինականության սկզբունքով, գնում եք նպատակահարմարությամբ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Նա հայտարարեց, թե իշխանությունն է Սահմանադրության հիմնական դեմը: ՀՀ Սահմանադրությունը ցույց տալով՝ Գ. Ջհանգիրյանն ասաց, թե սա է մեր հիմնական օրենքը. «Դուք հակասահմանադրական մարմին եք ստեղծում: Ես գիտեմ, որ ձեր միջի իրավաբանները համակարծիք են ինձ հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս