Բաժիններ՝

Պատգամավորները հանդիպեցին բողոքող նաիրիտցիներին

«Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի առջև՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձի պարտքը, նաև պահանջելով հանդիպում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ:

ԱԺ մի խումբ պատգամավորներ իջան ցուցարարների մոտ: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ գործարանի ակտիվների պաշտպանության վերաբերյալ պետք է օրենք ընդունել, քանի որ կարող են ծախել ակտիվներն ու ասել, որ այլևս չեն կարող աշխատացնել գործարանը: Ըստ նրա՝ հարկավոր է ճանաչել բոլոր շահառուներին, նաև այն խմբերին, որոնք վարկավորել են «Նաիրիտը», բայց այդ գումարներն անհայտ ուղղությամբ են գնացել:

Ա.Մինասյանի խոսքով՝ նաիրիտցիները պետք է իրենց պահանջները համահունչ դարձնեն «Նաիրիտի» հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի հետ, քանի որ նաիրիտցիները պահանջում են միայն աշխատավարձ, իսկ գլխավոր նպատակն այն պետք է լինի, որ գործարանն աշխատի, մարդիկ էլ ներգրավվեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ պետք է պայքարել երկարատև նպատակի համար: Ըստ նրա՝ առնվազն մի քանի տարվա տեսլական պետք է ունենալ, ոչ թե կարճատև. «Այստեղ երկարատև լուծում է պետք, կարճատև լուծումը ձեզ նորից ամսեամիս հանելու է փողոց»: Թ. Պողոսյանը նաև հայտարարեց, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն:

Պատգամավորի այս խոսքին ի պատասխան՝ նաիրիտցիներից մեկը բացականչեց. «Մեղավորը Ամերիկայում է, ո՞նց եք պատժելու: Ամերիկայից հետ բերեք, Իսպանիայի տունը ծախեք, փողերը թող տա»:

Ուշացումով նաիրիտցինեի մոտ իջավ նաև Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ աշխատավարձերի վճարումը պայմանավորված է գործարանի աշխատանքով: Այվազյանի խոսքով՝ նաիրիտցիները անցած տարիներին, երբ գործարանը պարապուրդի է մատնված եղել, պետք է այդ մասին ղեկավարությանը տեղյակ պահեին, նաև պետք է բողոքեին, որ իրենց աշխատավարձ են վճարում, երբ արտադրանք չեն տալիս:

«Էդ 5 տարի որ աշխատավարձ են գրել ձեզ, ոչ մեկը չի ասել, թե առանց աշխատելու ինչ եք գրում»,- ասաց Վ.Այվազյանը:

Ի վերջո որոշվեց, որ նաիրիտցիները խնդիրները ձևակերպեն ու ներկայացնեն հանձնաժողով, իսկ երբ այժմ Չինաստանում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերադառնա Հայաստան, քննարկում կազմակերպեն նաիրիտցիների ու նախարարի մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս