UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է Green Roof Leadership Awards միջազգային մրցանակի

UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում: Մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունանա ս. թ. ապրիլի 20 -ին՝ կազմակերպության 4-րդ կոնգրեսի (4th International Green Roof Congress) ընթացքում, որը կայանալու է Ստամբուլում:

Ժյուրիի կարծիքով՝ UWC Դիլիջան քոլեջը լավագույն կերպով ի ցույց է դնում տանիքների եւ պատերի կանաչապատման հնարավորությունների բազմազանությունը՝ հաշվի առնելով նաեւ բնապահպանական եւ էկոլոգիապես պատասխանատու կրթության խնդիրները:

IGRA Green Roof Leadership Awards-ի նպատակը կազմակերպությունների եւ ճարտարապետների ուշադրությունը քաղաքային տարածքների կանաչապատման նորարարական գաղափարների ու լուծումների վրա հրավիրելն է: Մրցանակակիրների թվում են միջազգային հայտնի այնպիսի կազմակերպություններ եւ անհատ ճարտարապետներ, ինչպիսիք են, օրինակ, Սինգապուրում Fusionopolis գիտահետազոտական կենտրոնի նախագծող JTC Corporation ընկերությունը, Վանքուվերում Վան Դուսենի բուսաբանական այգու Այցելուների կենտրոնի նախագծի հեղինակները, Չիչեսթրում Rolls-Royce ավտոարտադրող ընկերության գործարանի նախագծողները:

Հիշեցնենք, որ UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում առաջինն էր, որ արժանացել է նաեւ միջազգային հեղինակավոր BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Methodology) վարկանիշային համակարգի հավաստագրի:

Կարդացեք նաև

Տեղեկանք

UWC Դիլիջան քոլեջը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

Քոլեջի կառուցումն իրականացրել են հետեւյալ ընկերությունները. «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Հայաստան)՝ նախագծի պատվիրատու, «Tim Flynn Architects» (London)՝ նախագծի գլխավոր ճարտարապետ, «RD քոնսթրաքշըն մենեջմենթ» (Ռուսաստան)՝ գլխավոր կապալառու եւ գլխավոր նախագծող: 2014թ. ամռանն ավարտվել է նախագծի իրականացման առաջին փուլի շինարարությունը (մոտ 37,5 հազ. քմ ընդհանուր շենքային եւ 43 հազ. քմ բարեկարգված տարածքով)։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս