Հրանտ Բագրատյան. «Մի օր դրանց հետ պետք է լեզու գտնենք»

Այսօր ԱԺ նիստում «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է օրինածին, քանի որ այն ուղղված է ոչ թե երևույթի, այլ թուրքերի դեմ: Նա նաև նշեց, որ դեմ էր, որ հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչվեցին ԱԺ-ից: Հիշեցնելով, որ իր վարչապետության տարիներին է Ղարաբաղյան պատերազմն ընթացել, Հ.Բագրատյանը հայտարարեց, որ այնուամենայնիվ մի օր «դրանց հետ պետք է լեզու գտնենք»:

Ըստ Բագրատյանի՝ օրինագծում պետք է նշվի, որ ճանաչման գործընթացը շարունակական է և ՀՀ-ն անդրադառնալու է մյուս ցեղասպանություններին:

Պատգամավորի խոսքով՝ ցավալի է, որ մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են միայն 22 պետություններ. «Ինչո՞ւ են հող ուզելով ջրում Ցեղասպանության ճանաչման գործընթացը: ՀՀ պետությունը չի կարող տանել հող ուզելու քաղաքականություն: Առանձին մարդիկ կարող են դա անել: ՀՀ պետությունը պետք է հետամուտ լինի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ինչքան ցեղասպանություն կա, մենք պետք է վազենք ու ճանաչենք»:

«Սա հայտարարություն չի «ընդդեմ», սա հայտարարություն է «հանուն»: Ես մերժում եմ Ձեր առաջարկը, որովհետև կառավարությունը հանդես է եկել նախաձենռութամբ, որ դեկտեմբերի 9-ն ընդունվի որպես Ցեղասպանության միջազգային օր և դրանում ներառվեն բոլոր ցեղասպանությունները»,- հակադարձեց ԱԺ փոխխոսնակ, նախագծի համահեղինակ Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս