
Ֆրանսիայում կկառուցեն զբոսանավ` դեպի Անտարկտիկա գրավիչ ճամփորդությունների համար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի Սեն Նազեր քաղաքի նավաշինարանում մշակել են այնպիսի զբոսանավի նախագիծ, որը նախատեսված կլինի դեպի Անտարկտիկա գրավիչ ճամփորդության համար:
Ֆրանսիական STX նավաշինական կորպորացիայի ինժեներների այդ նախագիծը ստացել է «Ուլիսիզ» անվանումը: Այն լեգենդար ծովագնաց Ուլիսի անվան և անգլերեն «ծովեր» (seas) բառի միակցությունն է:
Նավի երկարությունը կազմելու է 145 մետր, այն ունենալու է 9 տախտակամած: Ընդգծվում է, որ զբոսանավն առավելագույն հաճույք կպատճառի էքստրեմալ կլիմայով առանձնացող տարածաշրջան մեկնող իր ուղևորներին:
Զբոսանավի ջեռուցման համակարգերն ու օդորակման սարքերը կլուծեն բացասական ջերմաստիճանի բոլոր խնդիրները: Նավի ջերմամեկուսացումը համապատասխանում է ամենաբարձր պահանջներին: Նավն ունենալու է նաև ուղղաթիռային հարթակ, լողավազան և այլն: