
Ուսանողների ներկայիս թիվը չի բավարարում ՏՏ ոլորտի տեխնիկական մասնագետների պահանջարկը

2013-2014թթ. ուսումնական տարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 8489 ուսանող, որը ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ընդհանուր թվի (85922) 9.9%-ն է կազմում: Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հրապարակած Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի 2014 թ. հետազոտությունից:
Ուսումնասիրության համաձայն՝ տնտեսագիտության և կառավարման մասնագիտացմամբ սովորող ուսանողները Հայաստանյան ԲՈՒՀ-երի սովորողների գրեթե 19%-ն են կազմում: Ուսանողները կազմում են ՏՀՏ աշխատուժի 36%-ը:
«Ընդհանուր առմամբ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները համարում են, որ ուսանողների ներկա թիվը չի բավարարում ոլորտի տեխնիկական մասնագետների պահանջարկը, որը միջինում կազմում է 2000 մարդ: Նրանք մատնանշում են նաև, որ որոշ շրջանավարտների որակավորման մակարդակը չի համապատասխանում ոլորտի պահանջներին և շատերին անհրաժեշտ է անցնել լրացուցիչ աշխատանքային վերապատրաստում` անհրաժեշտ որակավորում ստանալու և լրիվ դրույքով աշխատատեղեր զբաղեցնելու համար»,- ասված է հետազոտության մեջ: