Հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիան կրկին թանկանա՝ ատոմակայանի պատճառով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարանը վերջերս հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են վարում գազի գնի չբարձրացման շուրջ, բայց էլեկտրաէներգիայի սակագնի համար պետք է արտադրող ընկերությունները հաշվարկներ ներկայացնեն: Նախորդ անգամ էլէներգայի թանկացման ժամանակ ՀԾԿՀ-ն հիմնավորել էր, թե Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ)՝ նախատեսվածից ավելի չաշխատելու հետևանքով է, որ ստիպված են եղել թանկ արտադրված հոսանք գնել և դրա պատճառով է սակագինը փոխվում:
168.am-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեց, թե անցած տարի և այս տարի ԱԷԿ-ն ինչպե՞ս է աշխատել, արդյոք կարո՞ղ են նորից ԱԷԿ-ի հետ կապված նույն պատճառաբանությամբ էլէներգիան թանկացնել: «Բարդ տեխնոլոգիա է, ոչ ոք չի կարող ասել որ սարքը երբ կխափանվի, կամ չի խափանվի: Կանխատեսում անելը շատ բարդ է: Մենք ամեն ինչ անում ենք, որ պլանավորված քանակն արտադրենք, ԱԷԿ-ն աշխատի առանց որևէ խափանումների, նոյեմբերին կրկին ստանդարտ վերանորոգումն անենք, որ ամեն տարի անում ենք, վառելիքի վերալիցքավոում և այլն: Չեմ կարծում, որ ԱԷԿ-ի աշխատանքի հետ կապված խնդիր լինի, որովհետև աշխատակազմը չափազանց պրոֆեսիոնալ է, բայց ոչ մեկ 100%-ով չի կարող ինչ-որ բան ասել: Շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ նորմալ կլինի»:
Ըստ փոխնախարարի՝ անցած տարի էլ նորմալ պլանների մեջ տեղավորվել են և նախատեսված չափով արտադրել ենք: Այսինքն, Ա.Գալստյանի համաձայն, չեն կարող ասել, որ ԱԷԿ-ի պատճառով պետք է էլէներգիան թանկացնեն: