
«Ժառանգությունը» պատրաստվում է կոնկրետ առաջարկներով դիմել բանակին ու գիտնականներին. Դավիթ Սանասարյան

«Այսօր մենք նորից Ազատության հրապարակում ենք, բայց կրկին ու նորից վատ նորություններով ծանրաբեռնված, նեղսրտած, որ սահմանում էլի տղերք ենք կորցրել»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ ասաց կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը:
Նշենք, որ թեև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ գտվում է ԱՄՆ-ում, բայց խոստացված հավաք-ասուլիսը տեղի ունեցավ՝ Դավիթ Սանասարյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ:
«Ոմանք ուրախանում են, որ Ադրբեջանն ավելի շատ կորուստ է տվել, բայց ես կարծում եմ, որ մենք լուրջ մտահոգվելու կարիք ունենք: Ադրբեջանցու կորուստները չի կարող փարատել մեր ցավերը, դրա համար իշխանությունը զավթած Հանրապետական կուսակցությունը՝ իր ղեկավարներով, իր գեներալներով և իր օլիգարխներով, ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն՝ պարտավոր է օր առաջ քայլեր անել այս ուղղությամբ: Իսկ այն հայտարարությունները, թե Բաքու ենք մտնելու, թե այս ենք անելու, այն ենք անելու, ոչինչ են, քանի դեռ ռեալ քայլեր չեն իրականացրել»,- ասաց Դ. Սանասարյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանությունների «ևս մեկ օր ավելի գոյությունը» ՀՀ-ի կառավարման մարմիններում, ևս մեկ օր վտանգի տակ է դնում ՀՀ-ն. «Եվս մեկ օր ավելի կասկածով պետք է լինենք, որ այսօր մի փորձանք պետք է լինի: Եվ դրա համար մեր բոլորի կողմից այդ հայտարարությունները, զգացմունքային այս մոտեցումները պետք է վերածենք գործի»:
Նա տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» նիստ է ունենալու, որի ընթացքում քննարկվելու են սահմանում տեղի ունեցած միջադեպերը, և «Ժառանգությունը» կոնկրետ առաջարկներով հանդես է գալու ու դիմելու է բանակին ու գիտնականներին: