«Ասում էր՝ գամ, հոպար ջան, էնպես պիտի անեմ, նորմալ ապրենք». Աշտարակում սգում են զինծառայողի կորուստը. news.am
Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված զինծառայող, 19-ամյա Էդուարդ Հայրապետյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ապրում էր հոր եւ հորեղբոր ընտանիքի հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում: 10 հոգանոց ընտանիքը, որտեղ 4 անչափահաս կա, կիսաքանդ շինությունում է ապրում, Էդուարդի հորեղբայրն ու հայրն իրենց հույսը նրա հետ էին կապում։
«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները դրել էին, որ բանակից գար, ամբողջ տունը ինքը պետք ա պահեր: 4 անչափահաս երեխա կա ընտանիքում, նրանց ճակատագիրն էլ դեռ պարզ չի: Հորեղբայրը օրը երկու–երեք հազար դրամով գնում, աշխատում, օրվա հաց է ստեղծում»,- NEWS.am-ին ասաց համագյուղացիներից Բարդուխ Թադեւոսյանը։
Մինչեւ բանակ զորակոչվելը Էդուարդը նույնպես աշխատել է, օգնել ընտանիքին: Հորեղբայրը պատմում է, որ նրա ամենամեծ նպատակը եղել է աշխատանք գտնելն ու ընտանիքին օգնելը, տունը վերանորոգելը:
«Ասում էր՝ գամ, հոպար ջան, էնպես պիտի անեմ, նորմալ ապրենք: Ուզում էի գար, ինձ թեւ ու թիկունք լիներ, իմ մեջքը կոտրեց»,- NEWS.am-ին ասաց հորեղբայրը՝ Հենրիկ Հայրապետյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: