Բաժիններ՝

«Մեր աշխատանքից է կախված՝ կօգտվե՞նք, թե՞ կտուժենք ԵՏՄ-ին անդամակցությունից». Թաթուլ Մանասերյան

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, սակայն նոր թափ են ստանում Եվրամիության  հետ համագործակցության նոր հեռանկարները։ Մասնավորապես, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի խոսքով` այժմ նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես` Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ: Համագործակցության ընթացքում ուշադրություն է դարձվելու ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին: Ըստ որոշ գնահատականների՝ այս իրավիճակում չի բացառվում, որ մայիսին Ռիգայում կարող է փաստաթուղթ ստորագրվել նաև ՀՀ-ԵՄ առևտրային համագործակցության շուրջ:

«Եթե Հայաստանն իր ընտրությունն արել է դեպի ԵՏՄ, նորից փոխվել դեպի արհեստական պարտադրող «կամ-կամ»,  կնշանակի՝ դուրս գալ ԵՏՄ-ից: Սակայն պետք է հաշվի առնել, որ դեռևս անդամակցության առաջին ամիսներն են: Կարծում եմ՝ ավելի տրամաբանական է խոսել այն մասին, թե ինչ նոր ձևաչափ կարող է առաջարկել Եվրամիությունը Հայաստանի առաջընթացի, համագործակցության զարգացման համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ, ԵՄ-ին անդամակցելով, մի շարք լուրջ խնդիրներ ունեցան, «դա մի դրախատավայր չէ, որտեղ բոլոր հարցերն իրենց հանգուցալուծումն են ունենում, տեղի ունեցավ հակառակը»: Մերձբալթյան երկրները, ըստ Մանասերյանի, դեռ դիմագրավում են արտագաղթին, տեղական արտադրության կրճատմանը, կոռուպցիային, մենաշնորհի ավելացմանը, դրանք գնալով՝ քչանալու փոխարեն՝ շատացան. «Ավելի կարևոր է տեսնել, թե ինչ գործընթացներ են ընթանում ժողովրդի ներսում, մեր աշխատանքից է կախված՝ կօգտվե՞նք, թե՞ կտուժենք անդամակցությունից»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, տնտեսագետը նշեց, որ համագործակցությունը երբեք չէր ընդհատվել, ուղղակի վատն այն էր, որ դրվել էր կամ-կամ-ի խնդիրը:

«2014թ. տվյալներով՝ ԵՄ-ի հետ մեր տնտեսական համագործակցությունը լավ զարգացած է, անդամ երկրներից Բելգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի հետ արտաքին առտրի տեսանկյունից՝ լուրջ համագործակցություն կա: Այստեղ խնդիրն առանձին ձևաչափն է: Նախկինում արհեստածին ընտրության պարտադրանք եղավ Հայաստանի համար՝ ԵՄ կամ ԵՏՄ ընտրության հարցում: Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵՏՄ-ն տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն ձևերն են, և, եթե նույն նշաձողն ենք վերցնում, ապա նույն չափորոշիչներն ու սկզբունքներն են կիրառվում»,- ընդգծեց Թ. Մանասերյանը:

Նա նշեց, որ և՛ Ռուսաստանն ու Հայաստանը,  և՛ Եվրամիության երկրները համարվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ, և խիստ զարմանալի է, որ այս կառույցի դեպքում, որը բոլոր երկրներին խաղի կանոններ է թելադրում արտաքին առևտրի հարցում, տարաձայնություններ կան այս կամ այն միությանն անդամակցելու հետ կապված. «Այստեղ խոսքը ոչ թե տնտեսական պրոցեսների համընկնման մասին է, այլ քաղաքական կողմնորոշումների հարց է»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե ԵՏՄ-ն իրեն չարդարացրեց, դրա համար է Հայաստանը համագործակցության կամուրջներն ամրացնում ԵՄ-ի հետ, տնտեսագետը նշեց, որ դեռ վաղ է գնահատականներ տալ ԵՏՄ-ին անդամակցությանը:  Թ. Մանասերյանը նկատեց, որ մենք դեռ մարտահրավերներ ընդունելու պատրաստ չենք, ԵՏՄ անդամ երկրների պաշտոնյաները տեղյակ չեն ԵՏՄ-ի մանրամասներից,  որոշ դեպքերում դեռ ցուցումներ չեն եղել, հետևաբար՝ դեռ վաղ է էֆեկտների մասին խոսել:

«Գործարարն ինքը պետք է շուկայի հնարավորությունից օգտվի, ինչպես կաշխատեն, այնպես էլ կստացվի արդյունքը: Արտահանման ունակ մեր արտադրանքին և ծառայություններին ծանոթ է ավելի ԵՏՄ շուկան, սակայն այն չի կարող մեզ բավարարել, պետք է նաև ԵՄ արտահանման ուղղությունը զարգացնենք»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս