Բաժիններ՝

Օբամային խորապես մտահոգել է Նեթանյահուի հռետորիկան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթներից, որոնք հանգեցնում են երկրի արաբ ընտրողների մարգինալացմանը: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Երեքշաբթի Իսրայելում անցկացված խորհրդարանական վաղաժամ ընտրությունների ժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ աջ կառավարությունը վտանգի մեջ է, քանի որ արաբ ընտրողները զանգվածաբար քվեարկում են: Դրա հետ կապված՝ Էռնեստը հայտարարել է.

«ԱՄՆ-ը խորապես մտահոգ է (Նեթանյահուի) հռետորիկայից, որն ուղղված է Իսրայելի արաբ քաղաքացիների մարգինալացմանը: Այն խաթարում է արժեքներն ու դեմոկրատական իդեալները, որոնք կարևոր են մեր ժողովրդավարության համար և այն, ինչը միմյանց է կապում ԱՄՆ-ին ու Իսրայելին»:

Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է իր այս դիրքորոշումը հասցնել Իսրայելի ղեկավարությանը՝ նշելով, որ նախագահ Բարաք Օբաման մոտակա օրերին հեռախոսազրույց կունենա Նեթանյահուի հետ:

Անդրադառնալով արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանը՝ Էռնեստն ընդգծել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում փոփոխության չի ենթարկվել ավելի քան 20 տարի. «Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման համար պետք է ստեղծել երկու պետություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս