Օգյուն Սամասթի հայրը հայտարարել է, որ «խորքային պետությունը» օգտագործել է իր որդուն
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հայր Ահմեթ Սամասթը հայտարարել է, որ «խորքային պետությունը» (պետություն պետության մեջ) օգտագործել է իր որդուն:
Նա հիշեցրել է, որ Դինքի սպանությունն իրականացնելիս իր որդին եղել է 16 տարեկան, և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օգյուն Սամասթն անձամբ չի ճանաչել Հրանտ Դինքին, անտեղյակ է եղել նրա հեղինակած հոդվածներից:
Ահմեթ Սամասթն ընդգծել է, որ «խորքային պետությունը» որդու առջև դրել է համապատասխան առաջադրանք, սպանության համար զենք է հատկացրել նրան, ապա սպանության մեղքը բարդել է նրա վրա և դրանով իսկ խորտակել է նրա կյանքը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը Օգյուն Սամասթի կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում:
2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի՝ անչափահասների ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման: