Չի կարելի է ԵՏՄ-ում լինել և առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ
ՀՀ Ազգային ժողովում երեկ աշխատանքն ավարտեց «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը: Հայաստանի համար այն նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ բանաձևի ընդունմամբ: Եվրոպացի պատվիրակները նկատելով, որ «հարևանների» հետ քաղաքական իրավիճակը փոխվել է, այնուամենայնիվ, պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը բարեփոխումներին: Վեհաժողովը քննարկել է նաև Արևելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:
Ի՞նչ է սպասվում Հայաստանին Ռիգայում:
Ի վերջո, ի՞նչ կերպ կարող է այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը համագործակցել Եվրամիության հետ: Կստորագրվի՞ արդյոք քաղաքական փաստաթուղթ: Եվ արդյոք Ռուսաստանը կրկին չի՞ նպաստի, որ Հայաստանը «մեկ գիշերում» հրաժարվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքներից, ինչպես եղավ 2013թ. սեպտեմբերի 3-ին:
«Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի խոսքով` այժմ նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես` Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ: Նա նշեց, որ ԵՄ-ի կողմից փոխադարձ աջակցություն կա և՛ սոցիալական, և՛ քաղաքական բարեփոխումներին, որ ՀՀ-ն ցանկանում է իրականացնել: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունների հարցում նշվում է, ուշադրություն է դարձվում ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին: Սակայն, Հ. Հաուտալայի կարծիքով` շատ կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի քաղաքացիական հասարակության ու ազատ լրատվամիջոցների զարգացումը, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ այս գործընթացում:
«168 Ժամի» հարցին, թե հնարավո՞ր է կամ կա՞ նման մտավախություն, որ ՌԴ-ն կխոչընդոտի ՀՀ-ԵՄ քաղաքական որևէ համաձայնագրի կնքման, Հ. Հաուտալան պատասխանեց. «Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է, բայց, անշուշտ, ունի նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներ: Անշուշտ, մեծ տեղ կա ՀՀ-ի համար զարգացման առումով` լինելով ԵՏՄ-ի մեջ, իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, բարեխիղճ կառավարում, մարդու իրավունքների, սոցիալական զարգացման, առևտրի հարցերի գծով: Դժվար թե որևէ խոչընդոտ լինի»: Ըստ նրա` ՀՀ-ի անվտանգության երաշխիքները կարող են լինել բարեփոխումները, նաև թափանցիկությունը:
ԽՎ արդեն նախկին համանախագահ, ուկրաինացի Բորիս Տարասյուկի խոսքով` Հելսինկյան եզրափակիչ ակտի հետ մեկտեղ` ընդունվել է նաև Փարիզյան խարտիան, որը վերաբերում է նոր Եվրոպային, և այնտեղ ասվում է, որ ցանկացած պետություն բացառիկ իրավունք ունի ինքն ընտրելու` ում միանալ:
Ըստ նրա` ինչպես Ուկրաինան, նմանապես Հայաստանն իրավունք ունի ընտրելու, թե ում միանա. «ՀՀ-ն ընտրել է ԵՏՄ անդամակցության ճանապարհը: Կիսով հղի չի կարելի լինել: Մենք Բրյուսելից շատ հստակ ազդակ ստացանք, որ չի կարելի ԵՏՄ-ում լինել և առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ»: Մեզ հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ չի կարող ասել, թե Ռիգայում ինչ կստորագրվի, ինչ չի ստորագրվի, բայց փաստ է, որ ՀՀ-ն պատրաստ է քաղաքական երկխոսությունը շարունակել:
Նա չհամաձայնեց, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը Ռուսաստանն է խոչընդոտել. «Այնպես չէ, որ այն ժամանակ Ռուսաստանն է խանգարել կամ միջամտել, սեպտեմբերի 3-ին մենք ինքներս ենք կողմնորոշվել: Եվ պետք չէ մի ընտրությունը խառնել մեկ այլ ընտրության հետ: ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որի անդամակցումը բխում է մեր շահերից: Եվ մենք դրա մասին բացեիբաց խոսել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»:
Ըստ նրա` Հայաստանը ժողովրդավարությունը չի զարգացնում, որպեսզի դուր գա Եվրոպային, այլ` որովհետև դա Հայաստանի ներքին օրակարգային հարց է և անհրաժեշտ է մեզ: Միևնույն ժամանակ, Շարմազանովի խոսքով, մեզ անհրաժեշտ է եվրոպական կառույցների հետ խոր քաղաքական երկխոսության շարունակումը, և պետք չէ սա կապել ՌԴ դիրքորոշման հետ:
«Այնուամենայնիվ, Ռիգայում, ես կարծում եմ, որ մենք կարող ենք փաստել, որ պետք է շարունակենք քաղաքական երկխոսությունը, որի համար կա քաղաքական կամք: Մենք էլ, իրենք էլ պետք է գիտակցեն, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է: Մենք չափից դուրս ազնիվ հանդիպումներ ենք ունեցել եվրոպացի գործընկերների հետ և համակարծիք ենք եղել, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն ոչ թե պետք է իրարից հեռանան, այլ պետք է շարունակեն երկխոսությունը»,- ասաց Շարմազանովը:
ԱլԳ-ի կողմից «Եվրանեսթ» ԽՎ համանախագահությունը ստանձնած Վիկտոր Դոլիձեի խոսքով` մայիսին Ռիգայի գագաթաժողովին շատ լուրջ են պատրաստվում: Նա հույս հայտնեց, որ այնտեղ կունենան բավականին լուրջ լուծումներ, այդ թվում՝ կձևավորվի առանց վիզաների ռեժիմ ԵՄ և ԱլԳ երկրների միջև:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Ռիգայի գագաթաժողովից ակնկալում է, որ Եվրահանձնաժողովը 28 անդամ երկրներից կստանա համապատասխան մանդատ, որպեսզի Ռիգայից հետո սկսվեն բանակցությունները Եվրամիության և Հայաստանի միջև. «Թե ինչպիսի՞ փաստաթուղթ կունենանք, ի՞նչ ձևակերպումներով և ի՞նչ բովանդակությամբ, վաղ է խոսել, ընթացքը ցույց կտա»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանն այս անգամ էլ երկարատև բանակցի, բայց հետո Ռուսաստանն արգելք դնի, ու ՀՀ-ի ջանքերը «ջուրն ընկնեն», ինչպես եղավ սեպտեմբերի 3-ին Ասոցացման համաձայնագրի դեպքում, Ա.Զաքարյանը պատասխանեց. «Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի արգելում, և Հայաստանն էլ ոչ մեկին չի հարցնում՝ ինչ անի: Սեպտեմբերի 3-ի ձեր տպավորությունը տեղին չէ: Ռուսաստանը մեր ռազմավարական կարևորագույն գործընկերն է և դաշնակից պետություն: Մենք հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի շահերին բոլոր միջավայրերում, բոլոր ձևաչափերում, բայց մենք, իհարկե, ունենք մեր շահերը, որոնք փորձում ենք համադրել գոյություն ունեցող բոլոր շահերի հետ:
Տվյալ պարագայում` մենք փորձելու ենք ռեֆորմների առաջմղման, մարդու իրավունքների և ազատությունների շրջանակներում, հակակոռուպցիոն պայքարի, վիզաների դյուրացման և շարժունակության ավելի ընդլայնման, մշակութային ու կրթական դաշտում, ինչպես նաև` հանրային սեկտորի կայացման և քաղաքացիական հասարակության աջակցության շրջանակներում համագործակցել և երկխոսությունը շարունակել ԵՄ-ի հետ:
Սրանք մեզ համար կարևորագույն հանձնառություններ են, և այդ ամենը չպետք է հակադրության մեջ դրվի որևէ այլ հանձնառության հետ: Մեր տնտեսական ինտեգրման խնդիրները մնում են նույնը` պայմանավորված ԵՏՄ-ի հետ»: