Ջերմաստիճանը կիջնի 0-ից, սակայն ցրտահարության վտանգ չկա. վստահեցնում են մասնագետները
Արարատյան դաշտում այսօր գիշերն օդի ջերմաստիճանը կմոտենա 0-ի, իսկ հողի մակերևույթին հնարավոր է մինչև 1-2 աստիճան ցուրտ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության, այս պահի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25 տոկոսով բացվել են, հյուսիս-արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում: Հետևաբար՝ սկսվել են տեղեկություններ շրջանառվել, որ առկա է ցրտահարության վտանգ:
Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները՝ ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենիների մինչև 35 տոկոսը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ չնայած ԱԻՆ-ի ծանուցմանը, իրենց փորձը ցույց է տալիս, որ եթե օրվա ընթացքում ջերմաստիճանը +10-ի սահմաններում է լինում, ուրեմն երեկոյան ցրտահարության վտանգ չկա. «Դժվար երեկոյան ջերմաստիճանը մոտենա -3 կամ -5-ի: Այս պահին ցրտահարության պատճառ կարող է դառնալ միայն ուժեղ ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն, որի արդյունքում պետք է ձյան տեսքով տեղումներ լինեն: Նման եղանակային պայմաններ եղան անցած տարի մարտի 30-ին, որի հետևանքով լուրջ ցրտահարություն եղավ»:
Նրա խոսքով, այս շրջանում կարող են ցրտահարվել բոլոր տեսակի պտղատու ծառերը, որոնց բողբոջներն արդեն բացված են. «Եթե ցրտահարություն լինի, կտուժի ծիրանենին, վաղահաս գիլասենին և այլ պտղատու ծառատեսակներ, վտանգ չի սպառնում խաղողին»:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածված հաղորդագրությունն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում՝ մինչև 0, հողի մակերևույթին՝ -1,-2 աստիճան. «Այս կանխատեսումների պայմաններում մենք անհանգստությունների առիթ չպետք է ունենանք»:
Փոխնախարարը նշեց, որ եթե օդում դիտվի 0 աստիճան, դա բացարձակապես ոչ մի վտանգ չի ներկայացնի անգամ արդեն ծաղկած ծառերի համար, իսկ հողի մակերևույթին մոտ այս պահին մշակաբույսեր չունենք, կարտոֆիլի բույսերը չեն ծլարձակվել՝ դեռ 15-20 օր ժամանակ կա, խաղողի վազերի աչքերը չեն բացվել, բաց դաշտում բանջարաբոստանային սածիլների ցանքեր չեն արվել, այն արվում է ապրիլի 25-ից հետո, երբ ուշ գարնանային ցրտահարության վտանգն անցած է լինում:
«Օրվա ընթացքում մի քանի անգամ ստանում են ջերմաստիճանի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ: Յուրաքանչյուր առավոտ գյուղատնտեսության աջակցության մեր մարզային կենտրոններից ստանում ենք տեղեկություններ դիտված տեղումների, գիշերը գրանցված նվազագույն ջերմաստիճանի, վեգետացիայի, ծիրանենու և այլ կորիզավոր պտղատեսակների բողբոջակալման գործընթացի մասին»,- ավելացրեց նա:
Հավելենք, որ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1-ից՝ -5.6-ին, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6-ից՝ -2,8 ջերմաստիճանին: