Պորոշենկոն խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղապահների մասին օրինագիծը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասին ՄԱԿ ԱԽ-ին ու ԵՄ-ի Խորհրդին դիմելու որոշման նախագիծը:
Համապատասխան թիվ 2379 օրինագիծը հրապարակվել է Գերագույն ռադայի կայքում: Օրինագծում նշված է, որ խաղաղապահներն Ուկրաինայում կաջակցեն խաղաղությանն ու անվտանգությանը, կնպաստեն Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ստեղծված իրավիճակի շուտափույթ կարգավորմանը, այդ մարզերում կարգուկանոնի, քաղաքացիների ազատությունների ու սահմանադրական իրավունքների վերականգնմանը:
Ուկրաինան Դոնբասում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու հարցով ՄԱԿ-ին պաշտոնապես դիմել է մարտի 13-ին: Սրանից առաջ հաղորդվել է, որ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, թե Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումն անհրաժեշտ չէ և որ դրանց մասին նշված չէ մինսկյան պայմանավորվածություններում: