
Եգիպտոսի իշխանությունները որոշել են կառուցել նոր մայրաքաղաք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի իշխանությունները որոշել են կառուցել վարչական նոր մայրաքաղաք, որը կգտնվի Կահիրեից դեպի արևելք: Այդ պլանի իրագործումը կտևի 5-7 տարի, իսկ նախագծի արժեքը կազմելու է 45 միլիարդ դոլար:
Բնակարանաշինության նախարար Մուսթաֆա Մադբուլին հայտարարել է, որ նոր քաղաքն իր չափերով համեմատելի կլինի Սինգապուրի հետ, և այնտեղ կտեղափոխվեն բոլոր նախարարությունները, ինչպես նաև տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունները: Պլանավորված է կառուցել նաև ավելի քան մեկ միլիոն բնակարան:
Երկրի գլխավոր քաղաքի տեղափոխման գաղափարի ծագումը կապված է 20 միլիոնանոց գերհագեցած մեգապոլիսի հետ: Ակնկալվում է, որ 40 տարվա ընթացքում Կահիրեի բնակչությունը կկրկնապատկվի: Մադբուլին հայտարարել է, որ նախատեսված է, որ նոր մայրաքաղաքի բնակչությունը կազմելու է 5 միլիոն մարդ:
Զինվորականներն արդեն իսկ սկսել են կառուցել նոր ճանապարհ, որը Կահիրեն կկապի նոր մայրաքաղաքի հետ: Դեռ չի հաղորդվել, թե ինչպես է անվանվելու նոր մայրաքաղաքը:
Դա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի միակ հավակնոտ նախագիծը չէ: Իշխանության գալուց հետո նա հայտարարել է, որ կառուցելու է Սուեզի ջրանցքի կրկնօրինակը, իսկ նախընտրական կամպանիայի ժամանակ էլ խոստացել է երկրում կառուցել մոտ մեկ միլիոն բնակարան: