Խաղը կարող է փոխվել

Երեկ ֆորմալ առումով տրվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, թեև իրականում դա տեղի էր ունեցել նախօրեին՝ քաղաքական ուժերի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների տեսքով: Իսկ երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «քաղաքական հավանություն» է տալիս հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ դրա հետ կապված ունի մտահոգություններ:

«…Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալներն էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում:

Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ»:

Ուշագրավ է, որ երեկ Ս. Սարգսյանը չի բացառել նաև գործող՝ կիսանախագահական համակարգն ինչ-որ ձևով պահպանելու հնարավորությունը:

«Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը»:

Սա, ըստ էության, նորություն կարելի է համարել այն իմաստով, որ մինչ երեկ գրեթե միանշանակ խոսվում էր կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին: Սերժ Սարգսյանի տոնայնությունից անգամ տպավորություն է ստեղծվում, որ ինքն ավելի շատ կողմնակից է գործող համակարգի «կատարելագործման» տարբերակին: Իսկ դա արմատապես կարող է փոխել քաղաքական գործընթացների տրամաբանությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս