Պարույր Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հանցագործ անվանեց. «Մի հատ փըշտ են արել, փախել է»

Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հեգնանքով հայտարարել էր, որ իրենք իրենց համար արտոնված հանրահավաքները նվիրում են բոլոր ընդդիմադիր ուժերին մինչև ապրիլի 24-ը:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ օգտվելո՞ւ են իրենք Առաջին նախագահի ընձեռած այդ հնարավորությունից:

Ի պատասխան՝ ԱԻՄ առաջնորդն ասաց. «Փախստական Լևոն Տեր-Պետրոսյանի շանսի՞ց, ում 1998 թվականին փըշտ արեցին՝ փախավ: Դա է Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն փըշտ են արել, փախել է: Հիմա նա համարձակվում է առաջ գալ և խոսել որպես ազգային գործի՞չ: Ինձ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղորդումները կարող եք չհիշատակել, նա ինձ համար 0 է եղել, 0 էլ կա»:

ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ 1990 թվականի Գերագույն խորհրդի նախագահական ընտրությունների ժամանակ ինքն էլ էր նախագահի թեկնածու. «ՊԱԿ-ն ինձ արտաքսել էր, Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր, որ թեկնածուներից մեկի անհավասար պայմաններում ընտրությունը ընտրություն չէ: Ես փորձեցի ամեն կերպ օգնել, իմ օգնությունը նա փորձեց ներկայացնել որպես Հայրիկյանի իշխանատենչություն, և այդ ընտրությանը մասնակցեց իմ բացակայությամբ: Այդպես է ինքը դարձել Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ՝ կեղծ ընտրություններով՝ ՊԱԿ-ի օգնությամբ»:

Լրագրողի դիտարկմանը՝ բայց նա ՀՀ առաջին նախագահն է, սիմվոլ է, Պ. Հայրիկյանն այսպես արձագանքեց.  «Այդ Ձեզ համար: Ես եմ առաջին ազգային գործիչը և Ձեզ այսօր ասում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով հանցագործ է: Գագիկ Ծառուկյանից օգնություն էր խնդրում: Հիմա ումի՞ց պետք է խնդրի՝ Իվանիշվիլիի՞ց: Սերժ Սարգսյանը մի հատ Գագիկ Ծառուկյանին  փշտ արեց, նա փախավ: Այդ տեսակ առաջին նախագահ են լինո՞ւմ, առաջին նախագահն ասո՞ւմ է՝ մարդիկ, հույսներդ դրեք փող ունեցողի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս