Ընդդեմ «շուստրիությունների». «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ օրենքներում, ինչը տեսականորեն պետք է պաշտպանի «փոքր» վարկառուներին բանկային «շուստոիություններից»։

Ինչի՞ մասին է խոսքը։ Սովորաբար երբ գյուղացին դիմում է բանկ գյուղացիական վարկ վերցնելու համար, բանկում նրան ներկայացնում են այդ վարկի անվանական տոկոսադրույքը, ասենք 15 տոկոս։ Սակայն վարկի սպասարկման ընթացքում բանկերը ներկայացնում են լրացուցիչ ծախսեր կատարելու պահանջ։

Արդյունքում իրական տոկոսադրույքը ստացվում է շատ ավելի բարձր, քան նշված է լինում պայմանագրում։ Ըստ ֆիննախի տվյալների, «փաստացի տոկոսադրույքը, որն իր մեջ ներառում է նաեւ ոչ տոկոսային ծախսերը, շատ դեպքերում 1.5-2.5 անգամ գերազանցում է նշված ցուցանիշը»։

Ստացվում է, որ ըստ ֆիննախի՝ 15 տոկոսով վարկ վերցրած գյուղացին իրականում կարող է վճարել բանկին 22-ից մինչեւ 37 տոկոս։ Հաշվի առնելով, որ այժմ դրամական վարկերի անվանական տոկոսադրույքը հասնում է արդեն 24 տոկոսի, կարելի է պատկերացնել, թե որքան է ծանրանում նման վարկերի մարումը։

ֆիննախը առաջարկում է «Սպառողական կրեդիտավորման մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքներում կատարել փոփոխություն, որի արդյունքում մինչեւ 2 մլն դրամի վարկի պայմանագրում նշված տոկոսադրույքը լինի այն առավելագույնը, որը պետք է վճարի վարկառուն, եւ բանկերը դրանից դուրս վճարներ պահանջելու իրավունք չունենան։ Թե գործնականում ինչպե՞ս կկիրառվի այս փոփոխությունը՝ ցույց կտա ժամանակը։

Ֆիննախը այսօր կներկայացնի նշված օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերը, որոնց կցված պարզաբանումների մեջ անվանական եւ փաստացի տոկոսադրույքների միջեւ եղած ահռելի տարբերությունը բացատրվում է նաեւ վարկառուների ֆինանսական գրագիտությամբ։

Ըստ ֆիննախի, նշված փոփոխությունների շնորհիվ «ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս