«Մոսկվան հետաքրքրված չէր հայաստանյան ներքաղաքական դեստաբիլիզացիայով, որը վերացնելու համար հարմար լուծում գտնվեց». Անդրեյ Արեշև
«Սամվել Կարապետյանի միջնորդական առաքելությունը հաջողված կարելի է համարել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքական ակտիվ գործունեությունը լքելու որոշմանը և դրանում Մոսկվայի ունեցած դերակատարմանը:
Ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբանը նախ՝ վերլուծեց հայաստանյան ներքաղաքական կյանքում փետրվարի կեսին առաջացած լարվածությունը: Ըստ նրա` հայաստանյան ներքաղաքական կյանքում բավականին լարված և սուր իրավիճակ էր ստեղծվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կտրուկ մտքերի փոխանակումից հետո, երբ ընդդիմադիր ուժերը փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետի կողմից չարտոնված հանրահավաք էին հրավիրել: Արեշևի կարծիքով, բնականաբար, իրավիճակը բավականին լարված էր, որի համար ռուսաստանաբնակ ձեռներեց Սամվել Կարապետյանի կողմից միջնորդական ռեսուրսներ ներդրվեցին:
«Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ խոշոր գործարարին շատ լավ են ճանաչում ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում: Բնականաբար, գնահատելով իրավիճակը, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի համար այսօր գոյություն ունեն շատ լուրջ խնդիրներ, այդ թվում և ամենաառանցքայինը` վատթարացող հարաբերություններն Արևմուտքի հետ և ուկրաինական ճգնաժամը: Ուստի, ի դեմս Սամվել Կարապետյանի, իրավիճակի համար գտնվեց հարմար լուծում, որպեսզի արգելափակվի այն հակամարտությունը, որն առաջացել էր հայաստանյան ներքաղաքական դաշտում և հասունանում էր` սպառնալով հանգեցնել ՀՀ-ում ներքաղաքական դեստաբիլիզացիայի:
Իմ կարծիքով` մենք գործ ունեցանք արդյունավետ միջնորդական աշխատանքի հետ, երբ մաքսիմալ կերպով ներդրվել են հայկական Սփյուռքի և հայկական բիզնեսի ռեսուրսները, որոնք սերտ կապված են Հայաստանի հետ, և Ռուսաստանի հայերը չեն կարող անմասն մնալ այն ամենից, ինչ Հայաստանում է կատարվում, հատկապես՝ երկրի համար ճգնաժամային փուլերում: Սամվել Կարապետյանի դերակատարությունը եղավ հաջողված, հաջողվեց հասնել որոշակի պայմանավորվածությունների, որոնք ամրապնդվեցին երեկ «Բարգավաճ Հայաստանի» հրավիրած համագումարի տեսքով»,- մեկնաբանեց Արեշևը` ավելացնելով, որ այժմ արդեն քաղաքական ուժերը պետք է հանգեն ներքաղաքական այնպիսի համակարգային պայմանավորվածությունների, որպեսզի հետագայում լուծվեն այն խնդիրները, որոնք Հայաստանում ծնում են սոցիալական անկայունություն:
Մեր ճշտող հարցին՝ բացառո՞ւմ եք ռուսական գործոնը, նա պատասխանեց. «Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, լուրջ և ամենաէական ռազմաքաղաքական գործընկերը Հարավային Կովկասում, և որևէ մեկը հետաքրքրված չէ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ սկսվի հերթական դեստաբիլիզացիան, որը հղի է վտանգավոր հետևանքներով: Մյուս կողմից՝ կասեմ, որ Ռուսաստանը չի միջամտում իր գործընկեր երկրների ներքաղաքական գործընթացներին: Պարզապես փորձում են օգտագործել այն հնարավորությունները, սերտ կապերը, որոնք ունեն հայկական ծագմամբ ռուսական բիզնեսները: Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի երեխաների քավորն է եղել: Այդ լուծումը գտնվեց, և ես դա միայն դրական եմ գնահատում»:
Ռուսաստանցի վերլուծաբանը նաև պարզաբանեց, թե որ քաղաքական ուժի հետ է Կրեմլը նախընտրում աշխատել Հայաստանում:
«Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի քաղաքական ներկապնակի բոլոր ուժերի հետ համագործակցությունը՝ և՛ իշխանության, և՛ նրանց հետ, ովքեր այլընտրանքային կարծիք են ներկայացնում: Ի դեպ, այդ այլընտրանքային կարծիքը պետք է լինի կառուցողական: Հայաստանյան ընդդիմությունը, իմ կարծիքով՝ քաղաքականապես բավականին հասուն է, պատասխանատու, ինչն ապացուցվեց երեկ տեղի ունեցածով` ԲՀԿ նախկին նախագահի կայացրած ոչ պարզ որոշումներով: Ուստի, կարծում եմ, որ այսուհետ ևս ռուսական կողմի համար կարևոր են լինելու հայաստանյան ներքաղաքական գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները և երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը: Կարծում եմ, որ այս հարցն ակտուալ է լինելու առաջիկա ամիսների ընթացքում՝ պայմանավորված սահմանադրական բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներով և ԵՏՄ-ում Հայաստան-Ռուսաստան համագործակցության խորացման հեռանկարներով»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսին ՀՀԿ-ԲՀԿ «փոխհրաձգությանը» հետևած բանակցություններից հետո` երեկ, ԲՀԿ այլևս արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ լքում է ակտիվ քաղաքականությունը, հրաժարվում ԲՀԿ ղեկավարի պաշտոնից: Կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ին հռչակելով ընդդիմադիր կուսակցություն: