«ԲՀԿ-ն էլ երբեք չի դառնա այն ԲՀԿ-ն, որը եղել է Գագիկ Ծառուկյանի օրոք». Քաղաքագետ
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանի տանը, որի միջնորդներն էին Սամվել Կարապետյանը և ՀՅԴ-ն, ու դրանից հետո եղավ հայտնի հայտարարությունը Գ. Ծառուկյանի կողմից, լիովին ցույց էր տալիս, որ Գագիկ Ծառուկյանը համաձայն է Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված բոլոր պահանջների հետ: Մնում էր՝ տալ ժամանակ, որ Գագիկ Ծառուկյանը, ըստ իրեն, ավելի գեղեցիկ դուրս գար, և այդ ամենի համար պահանջվեց մոտավորապես 1 ամիս»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ առաջնորդի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթի վերջում նա նաև նշեց 4 կետից բաղկացած մի ծրագիր, որի հիման վրա նախագահը «կոչնչացնի» Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին, եթե վերջինս ինքնակամ չլքի քաղաքական դաշտը. «Այս ժամանակահատվածում երևի Գագիկ Ծառուկյանին հաջողվել է բոլոր վտանգները չեզոքացել՝ խոստանալով դուրս գալ քաղաքականությունից, միևնույն ժամանակ՝ պահպանել իր անվտանգությունը, անձեռնմխելիությունը, նաև բիզնես ստրուկտուրաները, որոնք ինքն ունի ՀՀ տարածքում: Շատ սպասելի էր նրա այս քայլը, և բոլորն էին սպասում»:
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը, քաղաքագետը պատասխանեց, որ մյուս ԲՀԿ-ականները ևս դուրս կգան կուսակցությունից.
«Դե, Նաիրա Զոհրաբյանն արդեն բոցավառ ելույթներ է ունենում, որ շատ արագ ԲՀԿ-ն կվերականգնվի… իրականում դա հեքիաթային ֆանտաստիկայի ժանրից է, այնպես որ, ԲՀԿ-ն շատ արագ չի կարող վերականգնվել, բավական ժամանակ է պետք, որ ԲՀԿ-ն վերականգնվի: Եվ ընդհանրապես, արդեն իշխանամետ մամուլում հրապարակած լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ պետք է դառնա Նաիրա Զոհրաբյանը, որ ԲՀԿ-ն պետք է հովանավորվի վարչապետի կողմից, մեծ ցեխ է շպրտում այդ կուսակցության վրա: Եթե անգամ այդ կուսակցությունը գործի ընդդիմադիր դաշտում, դա իրականում իրականությանը չի համապատասխանում, որովհետև, եթե այդ կուսակցությունն իրականում հովանավորվում է ՀՀ վարչապետի կողմից, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը: Նաիրա Զոհրաբյանը երբեք Գագիկ Ծառուկյան չի դառնա, իսկ ԲՀԿ-ն էլ երբեք չի դառնա այն ԲՀԿ-ն, որը եղել է Գագիկ Ծառուկյանի օրոք»: