Բուլղարիան հետաքրքրված է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագծով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են բուլղարա-ադրբեջանական փաստաթղթեր: Դրանք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջային ոլորտներին:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բուլղարիայի ու Ադրբեջանի միջև հաստատվել են քաղաքական ուժեղ կապեր, որոնք ունեն հիանալի հեռանկարներ: Անդրադառնալով «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այդ նախագիծը կարևոր նշանակություն ունի Եվրոպան Ասիայի հետ կապելու պլանում:
Ալիևի խոսքերով՝ բանակցությունների հիմնական թեման հանդիսացել են էներգետկ նախագծերը՝ «Հարավային գազային միջանցքը»: Նա ընդգծել է, որ TANAP և TAP նախագծերի իրագործումը կձևավորի «Հարավային գազային միջանցքը», և որ Ադրբեջանը հետագայում էլ իր դերակատարությունը կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում:
Բուլղարիան նույնպես «Հարավային գազային միջանցքի» նախագծի մասնակից է, և հետագայում կաճի նրա դերը որպես տարանցիկ երկիր: Բոյկո Բորիսովն իր հերթին հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքի» նախագիծը հզոր ազդակ կհաղորդի Բուլղարիայի գազատրանսպորտային համակարգի զարգացմանը: Բորիսովը հետաքրքրություն է ցուցաբերել ԲԹԿ-ի նախագծի նկատմամբ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բուլղարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: