Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը: Նա կարեւորել է նաեւ Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության պահպանման, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ոգեկոչման արարողություններին ակնկալվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական կապերին եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրին, որը մեկնարկել է 2012 թվականին:
Դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը եւ վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է եւ գիտակցում է ոգեկոչման միջոցառումների կարեւորությունը, ինչպես աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդիկ են այն գիտակցում:
ՀՀ ԱԺ