Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի Ազգային բանկի նախագահին մեղադրել է անգործության մեջ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երկրի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեին մեղադրել է անգործության մեջ, ինչը հանգեցրել է ազգային արժույթի ճգնաժամին.
«Վերջին շրջանում ծավալվող իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ մենք գործ ունենք երկրում սխալ ակնկալիքներ ստեղծելու, սպեկուլյատիվ գործարքների ու աժիոտաժի հետ, որոնց ստեղծման համար մեծ ջանքեր են գործադրել «Ազգային շարժման» անդամներն ու նրանց «փորձագետները», և որոնք դա արել են առանց որևէ վերլուծության ու հիմքի:
Վրաստանի Ազգային բանկի ուղիղ պարատավորությունն էր իրավիճակը ճիշտ ղեկավարելը: Մինչդեռ մենք տեսանք հակառակը, թե ինչպես է «Ազգային շարժման» նշանակած Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն իր անգործությամբ ու սխալ գործողություններով հանգեցրել ազգային արժույթի ճգնաժամին:
Արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխումից խուսափելու համար տարածաշրաջանի երկրների կենտրոնական բանկերը հատկացրել են իրենց պահուստների զգալի մասը (Հայաստանը՝ 34 տոկոս, Մոլդովան՝ 30 տոկոս), ինչը հնարավորություն է տվել ապահովել այդ երկրներում արժույթի կայուն միտումները:
Իսկ Վրաստանի Ազգային բանկը ծախսել է պաշտոնական պահուստների (120 միլիոն դոլար) մինչև 5 տոկոսը, ինչը չէր կարող ու չի տվել արդյունք տալ: Ազգային բանկն ունի համապատասխան լծակ, որպեսզի լարիի լողացող փոխարժեքի պայմաններում ապահովի լարիի կայունացում»:
Դոլարի հանդեպ լարիի փոխարժեքը սկսել է ակտիվորեն նվազել նախորդ տարվա նոյեմբերի 20-ից: Եթե այն ժամանակ 1 դոլարը հավասար էր 1.74 լարիի, ապա այժմ այն հասել է մինչև 2.26 լարիի: Լարիի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով Վրաստանում անցկացվել են բողոքի ակցիաներ: