«Գագիկ Ծառուկյանը պետք է իմանա, որ քաղաքականության մեջ «ոչ-ոքի» չի լինում՝ կա՛մ հաղթում են, կա՛մ պարտվում»

«Գագիկ Ծառուկյանը, կարծում եմ՝ ազատվում է այդ ծանր բեռից: Ես հասկանում եմ, որ նրա համար շատ ծանր է այդ բեռը, եթե ազատվի քաղաքական բեռից՝ կզբաղվի իր բիզնեսով, իր համար հաճելի գործունեություն կծավալի այդ բնագավառում»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցությունը լքելու և որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու լուրերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ քաղաքականությունից հեռանալու տարբեր ձևեր կան՝ «կարող է դուռը շրխկացնելով հեռանալ, և կարող է հանգիստ հեռանալ՝ առանց մանդատից հրաժարվելու», դառնա սովորական պատգամավոր, դրան զուգահեռ՝ կարգավորի իր բիզնեսները.

«Գագիկ Ծառուկյանը պետք է իմանա, որ քաղաքականության մեջ «ոչ-ոքի» չի լինում՝ կա՛մ հաղթում են, կա՛մ պարտվում: Այնպես որ՝ նա չի կարող «ոչ-ոքի» ստանալ: Կա՛մ պետք է հաղթի և իրագործի իր քաղաքական ծրագիրը՝ իր թիմի հետ միասին, կա՛մ ընդունի իր քաղաքական պարտությունը, ինչը ես համարում եմ, որ ամոթ չէ»:

Հարցին՝ եթե Գ.Ծառուկյանը դուրս գա ԲՀԿ-ից, ո՞վ կարող է լինել ԲՀԿ-ի հաջորդ առաջնորդը, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց.

«Շատ դժվար է ենթադրել, որ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, կշարունակի պահպանել իր գոյությունը: Գագիկ Ծառուկյանի հեռանալու դեպքում բավականին լուրջ փոփոխությունների կենթարկվի ԲՀԿ-ն, և այդ լուրջ փոփոխությունների ժամանակ արդեն կունենա բոլորովին այլ կառուցվածք և այլ ծրագիր: Այդ կառուցվածքին ու ծրագրին համապատասխան՝ կարող է լինել մեզ համար շատ անակնկալ լիդեր»:

Հարցին էլ, թե՝ ԲՀԿ-ից որևէ մեկին չե՞ք տեսնում որպես հավանական թեկնածու, Ա.Արշակյանն այսպես պատասխանեց.

«Եթե այսօրվա նոմենկլատուրան վերցնենք, ես կարծում եմ՝ պետք է Ստեփան Մարգարյանը լինի, որովհետև Վարդան Օսկանյանը չի կարող լինել… Չգիտեմ, շատ դժվար է ասելը, ես կառաջարկեի Նաիրա Զոհրաբյանին, ես չգիտեմ՝ ով կլինի, բայց շատ լավ կլինի, որ լինի Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նա քաղաքական գործիչ է, կարծում եմ՝ դրանից բոլորս էլ կշահենք»:

Տեսանյութեր

Լրահոս