Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա և վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին:
Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը:
Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը և շարունակելով նրանց սուրբ գործը` նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Թանկագի՛ն արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ