Ես այսօր վստահ չեմ

Խառնակ օրեր էին: Հասարակությանը միայն ներքաղաքական գործընթացների լրատվությունն էր հետաքրքրում: Ու ճիշտ այդ պահին տնտեսական երկու լուր հրապարակվեց: Երկու և մեկը մեկից հետաքրքիր: Առաջինը վերաբերում էր 2014թ. բարձրաստիճան ֆինանսական անձանց ֆինանսական հայտարարագրերին:

Հրապարակվեց կառավարության անդամների հայտարարագրերը: Հրաշալի առիթ էր վերլուծելու, թե տնտեսական ճգնաժամային տարում որ նախարարը որքան է բարգավաճել: Բարգավաճել՝ բառի բառարանային և ոչ թե` կուսակցական իմաստով: Բայց ներքաղաքական թեժացումները շեղեցին հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունը: Երկրորդ լուրը հրապարակեց Կենտրոնական բանկը: Այս կառույցը հետազոտություն էր անցկացրել և 1811 տնային տնտեսություն էր ուսումնասիրել: Ուսումնասիրել, տվյալներն ամփոփել, տխուր պատկեր ստացել ու քաջաբար հրապարակել էր:

Պարզվում է` մեր երկրում անցած տարի կտրուկ նվազել է «Սպառողների վստահության ցուցանիշը»: Սովորաբար ենթադրվում է, որ այս ցուցանիշը կարևոր է տվյալ երկրի տնտեսական բնութագիրը կազմելու համար: Արևմուտքում, համենայն դեպս, այդպես են կարծում: Շուկայական տնտեսություն դավանող տնտեսագետների կարծիքով` հասարակական լավատեսությունը, ապագայից դրական սպասումները հենց տնտեսական իրավիճակով են պայմանավորված: Նախորդ տարիների ուսումնասիրությունների արդյունքում նշվում էր, որ մեր հասարակությունը ապագայից բավական դրական սպասումներ ունի: Բայց բարձր սպասումներին հաջորդեց խորը հիասթափությունը: Այն հավանաբար տարեվերջյան ֆինանսական ցնցումների արդյունք է: Հայտնի է, որ ըստ տրամաբանության և գործող օրենսդրության` երկրի ԿԲ-ն է տվյալ երկրի ազգային վճարամիջոցի ամենաշահագրգիռ ջատագովը: 2014թ. դրամի դեկտեմբերյան արժեզրկումից հետո մեր ԿԲ-ն արդեն երկու կամ երեք անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Պարզ ասած՝ փորձել է թանկացնել ազգային վճարամիջոցը: Իրավիճակը խորհրդային անեկդոտ է հիշեցնում. մեկը քյավառցուն հարցնում է «Լսե՞լ ես, որ օղին թանկացրել են»։ «Չեն թանկացրել, է, գնահատել են»,- պատասխանում է քյավառցին:

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ-ն փորձում է գնահատել դրամը: Հատկապես, որ դա ԿԲ-ին ՀՀ գործող օրենսդրությամբ պարտադրվող գործառույթ է: Տոկոսադրույքը բարձրացնելն ընդունված մեթոդ է՝ համարյա դասագրքային խորհուրդ: Բայց նույն այդ դասագրքերում նկարագրված են նաև այդ մոտեցման բացասական հետևանքները: Եվ հավանաբար այդ հետևանքների սպասումների արդյունքում է կտրուկ նվազել «Սպառողական վստահության ցուցանիշը»:

Մոտ տասը տարի առաջ մեր ֆինանսական իշխանությունները դրամի գերարժևորման քաղաքականություն էին վարում: Այդ պահին բանկային ավանդների կառուցվածքը բավական տրամաբանական էր: Այսինքն՝ տնտեսապես օբյեկտիվ: Բանկային ավանդների 40 տոկոսը պահվում էր ազգային դրամով, իսկ 60-ը՝ տարադրամով: Հետո, երբ դրամի գերարժևորման արդյունքում մեկ դոլարի փոխարժեքը 300 դրամ դարձավ, ավանդների կառուցվածքը կտրուկ փոխվեց՝ 60 տոկոսը` դրամ, 40-ը՝ տարադրամ: Դրամի գերարժևորման քաղաքականությունը փառահեղորեն ձախողվեց, և մի գիշերում բանկային խնայողություններ ունեցողները կորցրեցին ունեցվածքի 15 տոկոսից ավելին:

Այնուհետև բանկային ավանդներն էլ «հոդաբաշխ» տեսք ստացան: Պաշտոնական տվյալների համաձայն, կարծեմ, հիմա ավանդների 30 տոկոսը դրամով է, 70-ը՝ տարադրամով: Դժվար է ասել, թե որքանով է պաշտոնական տեղեկատվությունը վստահելի, որովհետև չհավատալու տնտեսական ազդակ-ցուցանիշներ կարող եք գտնել` որքան ուզում եք: Դրամի փոխարժեքի ցնցումները, որպես կանոն, անհետևանք չեն անցնում: 2013թ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրերն անհամեմատելի են 2014-ի տվյալների հետ: Եթե խնդիրը դիտարկենք ազգային դրամի նկատմամբ վստահության ցուցանիշի տեսանկյունից:

Օրինակ, դիտարկեք 2013-ի Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորի հայտարարագիրը (վերջին օրերին նրա անունը մամուլում նշելն ընդունված չէ): Դիտարկեք ու կտեսնեք, որ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նրա ֆինանսական միջոցների 45 տոկոսից ավելին ազգային դրամով է: Իսկ եթե դիտարկեք 2014-ի հայտարարագրերը` այլ կառուցվածք կտեսնեք: Համեմատության համար վերցնենք ՀՀ կառավարության ամենահարուստ անդամի (գումարած` նաև կնոջ հայտարարագրած միջոցները) հայտարարագիրը:

Վերցնենք ու հավասարակշռությունը չխախտելու համար կառավարության ամենահարուստ անդամի անունն էլ չնշենք: Այս հայտարարագրի ուսումնասիրությամբ կպարզենք, որ ազգային դրամի նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է: Կառավարության ամենահարուստ անդամն իր փողերի 84 տոկոսը պահում է տարադրամով: Իսկ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք չեն վստահում ազգային դրամին՝ անիմաստ է նման վերաբերմունք սպասել հասարակությունից: Հատկապես, որ հասարակությունը հաստատ տեղեկացված է, որ հենց այդ «բարձրագույն պաշտոնատար անձինք» էլ կազմում են ամենահարուստ գործարարների կոհորտան: Տեղեկացված է ու վստահում է այդ տեղեկությանը:

Տեսանյութեր

Լրահոս