Հայ-թուրքական արձանագրությունների ետկանչումն արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ պայմանագիրը գործող պայմանագիր չէ. Ալեքսանդր Արզումանյան

«Սերժ Սարգսյանի քայլը ՄԱԿ ԳԱ ամբիոնի ելույթի տրամաբանության շարունակությունն էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձնագրություններն ԱԺ-ից ետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

Բանախոսը հիշեցրեց, որ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո ասել էր, որ հաջորդ քայլը լինելու է արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելը: Ըստ նրա՝ իր այդ կանխատեսումն իրականացավ պարզապես ամիսներ անց:

«Այսինքն՝ սա տրամաբանական շարունակությունն էր այն քաղաքականության, որը հռչակվեց ՄԱԿ-ի ամբիոնից: Սա արձանագրումն էր այն փաստի, որ ՀՀ-ն փորձեց կատարել իր կողմից անհրաժեշտ քայլերը, որ կարող են տանել հարաբերությունների նորմլացման և, ինչպես միջազգային հանրությունն էր ասում Հիլարի Քլինթոնի շուրթերով՝ գնդակն այլևս Թուրքիայի կիսադաշտում է, պատասխան չեղավ և ՄԱԿ-ում, երբ արդեն հայտարարվեց, որ գրողի ծոցը պետք է ուղարկել արձանագրությունները, պարզ էր, որ ետկանչման գործընթացը սկսվելու է, պարզապես ինչու մի քանի ամիս տևեց տարբեր բացատրություններ ունի: Չէի ցանկանա սպեկուլիացիաներով զբաղվել, արձանագրենք, որ տրամաբանական քայլ էր այս քաղաքական կուրսի շրջանակում»,- ասաց Արզումանյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսանի այդ որոումը կապ ունի՞ արդյոք ներքաղաքական զարգացումների՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հեռակարի հետ, նա պատասխանց, որ կոնսպիրոլոգիաներով չի հրապուրվում, չի կարծում, որ պետք է ամեն ինչ կապել ներքաղաքական զարգացումների հետ:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթին՝ ասաց, որ դա տեսակետ էր, որն իրենց բազմիցս հրապարակել են՝ ՀՀ-ում չկա ունիֆորմ գաղափարախոսություն, տարբեր կարծիքներ կան, իսկ ՀՀ առաջին նախագահն ունի իր մոտեցումը և այդ մոտեցումն իրականացրել է: «Համաձայն լինելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների քաղաքականության հետ, ասենք պարզապես, որ փաստը մնում է փաստ, որ առանց նախապայանների, առանց Ցեղասպանության հարցն արծարծելու որևէ արդյունք չի արձանագրվել և արծարծելով ևս չի արձանագրվել:

Այսինքն՝ Թուրքիան շարունակում է իր թշնամական գործողությունները, շարունակում է բլոկադայի տակ պահել Հայաստանը, սա էլ հավանաբար առիթ էր Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ անել: Ես ասել եմ, որ հիմա պատեհ առիթներ շատ են լինելու, որովհետև նույն հետաքրքրությունը, որն այսօր կա, չի լինելու հաջորդ տարելիցի ժամանակ: Գուցե դրա հետ էլ է կապված, որ վերջին զարգացումները, Թուրքիայի կողմից եղան բավականին անընդունելի մեր տեսանկյունից քայլեր՝ Գալիպոլիի տարեդարձը ապրիլի 24-ին, չի կարելի բարեկամական կամ հաշտեցմանն ուղղված քայլ որակել: Այլ գործողություններ ևս եղան, որոնց արդյունքում հիմա եղավ այս որոշումը: Թե հռչակագրի տեքստում կան դրական պահեր, թե առաջին նախագահի հակադարձման տեքստում կան մոտեցումներ, որոնք պետք է հաշվի առնել: Կյանքը ցույց կտա, թե ինչ ընթացք կստանա»,- ասաց Արզումանյանը:

Հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի ԱԺ-ից արձանագրությունները ետ կանչելը, եթե դրանցում կա հայկական կողմի ստորագրությունը, նա պատասխանեց, որ եթե միջազգային որևէ պայմանագիր ենթադրում է ներպետական պրոցեդուրաներ, այդ թվում վավերացում, ուրեմն՝ գործում է միայն վավերացումից հետո:

«Անկախ նրանից՝ դա ստորագրված է, նախաստորագրված է, թե ոչ, այս պահին այդ համաձայնագիրը չի գործում և վերջ: Կարելի է հրապարակի կենտրոնում այրել և ասել՝ «մահ թուրքերին», դա էլ պրոցեդուրա կլինի, բայց դրանից իմաստը չի փոխվի: Այսինքն՝ ետկանչումն արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ պայմանագիրը գործող պայմանագիր չէ առանց վավերացման»,- պարզաբանեց Ալեքսանդր Արզումանյանը:

Անդրադառնալով Մինսկյան պայմանավորվածություններին և այս օրերին շարունակվող ուկրաինական ճգնաժամին՝ Ալ. Արզումանյանն ասաց, որ դրական էր այն փաստը, որ պայմանագիր ստորագրվեց: Սակայն, նրա որակմամբ, դրանում կային թաքնված ռումբեր և հասկանալի էր, որ չի գործելու պայմանագիրը:

«Այն կարևոր էր թե եվրոպացիների, թե Պուտինի, թե Ուկրինայի իշխանությունների համար, քանի որ դեմք փրկելու հնարավորություն էր: Այս պահին կրակոցները չեն դադարել Դեբալցևոյի շուրջ, զինադադար կլինի, բայց պայմանագիրն այնպիսի կետեր ունի, որ կողմերից որևէ մեկը հրաժարվելու է, Ուկրաինայի իշխանություններին ձեռնտու չէ այն և ենթադրում է միջամտություն Ուկրաինայի ներքին գործերին, իսկ Պորոշենկոն չունի մոնոլիտ մեծամասնություն Ռադայում, ավելին՝ փոքրամասնություն է»,- բացատրեց Արզումանյանը՝ շարունակելով, որ այդ պայմանագրի միջոցով Պուտինը հետաձգեց եվրոպական պատժամիջոցների հերթական ալիքն ու ԱՄՆ-ի Ուկրաինային զենք մատակարարելու հեռանկարը:

Սակայն բանախոսը չբացառեց, որ հակամարտությունը նոր ուժգնությամբ գլուխ բարձրացնի: Սակայն, նրա որակմամբ, հնարավոր համաձայնության ուրվագիծն եղավ, և այդ աստաթուղթը կարող է հիմք լինել ապագա բանակցությունների համար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս