Ակնհայտորեն բախումն անխուսափելի է, եթե նախագահական թևը չկանխի եռյակին իր կտրուկ և ագրեսիվ գործողություններով. Հայկ Ա. Մարտիրոսյան
Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք) ներքաղաքական ամենատարբեր զարգացումներ է կանխատեսում ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո: 168.am-ի հարցին, թե եռյակի առաջնորդները հանդիպել են` որոշելով համաժողովրդական հանրահավաք անցկացնել փետրվարի 20-ին, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, նա արձագանքեց՝ ասելով, որ դա կատարելապես վարկաբեկում է եռյակի անդամներին: Թեև, ըստ նրա, վարկաբեկման մասին խոսելն այստեղ խիստ ուշացած է: Իսկ սպասել, Մարտիրոսյանի համոզմամբ, կարելի է ամենատարբեր զարգացումների, և որևէ սցենար չի կարող լավը լինել:
«Ակնհայտորեն բախումն անխուսափելի է, եթե նախագահական թևը չկանխի եռյակին իր կտրուկ և ագրեսիվ գործողություններով: Սերժ Սարգսյանի ելույթը տարօրինակ և աննախադեպ էր ոչ թե այն առումով, որ նվիրված էր մեկ մարդու, կամ, որ անսպասելի էր շատերի համար, այլ այն առումով, որ հակառակ էր նման իրավիճակներում պատմության մեջ եղող նախադեպերին: Սովորաբար նման իրավիճակներում իշխանությունն անակնկալ գործողություններ է կատարում` կանխելու համար հակառակորդի ռեակցիան, և ապա հանդես գալիս պատերազմի հայտարարմամբ: Սարգսյանը գնաց հակառակ ուղիով: Դա վտանգներով է հարուստ հենց իր` իշխանության համար: Եթե նախահարձակ կողմը հապաղի, ապա կարող է և չափազանց թանկ վճարել այդ հաշվարկի համար: Եթե ԲՀԿ-ն կամ, ֆորմալ առումով, «Եռյակը» հապաղում կամ տատանում զգան` կարող է հեղափոխական ալիք բարձրանալ, որի վրա ամբոխն իշխանության կբերի Ծառուկյանին կամ Քոչարյանին: Այդ ուղղությամբ վստահաբար վերջինս լրջորեն ծրագրեր է մշակում այս օրերին: Հեղափոխության բանալին կայանում է առաջինն աչք թարթելու սկզբունքում: Կորցրիր ակնթարթը և որսորդից որսի ես վերածվում»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ այս առումով գործող իշխանությանը չընդունողների և նրա տապալումը տենչող ահռելի մի զանգված կարող է և միանալ նոր ընդդիմությանը, որը նման սցենարի զարգացման պարագայում՝ շատ ավելի սարսափելի իրավիճակի կհանգեցնի, քան այն, որն արդեն կա և կա երկու հակամարտող կողմերի մեղքի շնորհիվ ու մասնակցությամբ:
Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ: