Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան. ԱՆ
2001 թվականին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից հռչակվեց մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD): Կազմակերպության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Միությունը հիմնվել է 1994թ. Իսպանիայում: Այն ունի 118 անդամ-կազմակերպություն 73 երկրից, որոնցից մեկը Հայաստանն է: Մեր երկիրն անդամակցում է 2003-ից:
Օրվա միջոցառումների նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը այս խնդրի վրա և հանգանակել միջոցներ՝ հիվանդ երեխաների բուժման և այլ կարիքների համար: Այս տարի մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կարգախոսն է. «Գործենք հիմա քաղցկեղով հիվանդ երեխաների համար»:
Հայաստանում 2003-ից նշվում է այս օրը, և բարերարների, հասարակական կառույցների օգնությամբ որոշակի խնդիրներ լուծում են ստանում։ Մանկական քաղցկեղը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Մինչև 18 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ղեկավարությամբ, որն իր հոգածության տակ է առել քաղցկեղով երեխաների բուժման համար անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի ձեռքբերման և կեցության բարելավման հարցերը, ինչը հնարավորություն է տալիս մանկական ուռուցքաբաններին կիրառել բուժման ժամանակակից սխեմաներ։
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճ` մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում 2013 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 7911 նոր դեպք, որոնցից 59-ը արձանագրվել 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: Անդրադառնալով երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությանը` պետք է փաստել, որ 2007-ի համեմատ այն բնութագրվում է նվազմամբ: Նշենք, որ ըստ վիճակարության, տղաներն ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, քան աղջիկները:
Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետև գլխուղեղի ուռուցքն է: Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են. քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ` ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, ինչպես նաև մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ և այլն:
Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ։ Գիտնականների համոզմամբ` այդ ուռուցքները ոչ թե ժառանգաբար են փոխանցվում, այլ լինում են բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման շրջանում: Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբերություն կա նաև ուռուցքների և բուժման մեթոդների միջև:
Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում։ Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75 տոկոսի: Աշխարհի շատ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների համար այսօր տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանգանակություններ կազմակերպվում։
ՀՀ Առողջապահության նախարարություն