Մինսկյան պայմանավորվածությունները կարող էին դրական գործոն դառնալ ԼՂ հակամարտության համար, բայց Արևմուտքին չի հաջողվում մեղմել Ռուսաստանին. Գերասիմչուկ

«Մինսկում ձեռք բերված  պայմանավորվածությունները լավատեսություն չեն ներշնչում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր փորձագետ Սերգեյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով կեսգիշերին Ուկրաինայի հարավ-արևելքում ուժի մեջ մտնելիք Մինսկյան հրադադարի պայմանավորվածությանը և դրա կարևորությանը տարածաշրջանի համար:

Սերգեյ Գերասիմչուկն ասաց, որ թեև Մինսկյան պայմանավորվածություններն ընդունեցին աշխարհի հեղինակավոր, սոլիդ քաղաքական գործիչները՝ մեծ տեղեկատվական ուշադրության ներքո, դրանք ռուս-ուկրաինական և ռուս-արևմտյան հակամարտության կարգավորման հիմք չեն դառնա:

Իրականում այդ պայմանավորվածությունները, նրա որակմամբ, համաձայնության հերթական փուլն են, դրա  առաջին փորձը տեղի ունեցավ ամիսներ առաջ և աշխարհին հայտնի դարձավ՝ որպես Մինսկյան գործարք (deal): Օրերս Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, Գերասիմչուկի խոսքով, դատապարտված են անհաջողության, քանի որ երեկ արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ  Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն այդ պայմանավորվածություններով որևէ պարտավորություն չի ստանձնել՝ որպես հակամարտության կողմ, այլ հանդես է գալիս՝ որպես հրադադարի երաշխավոր:

Գերասիմչուկն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ  փաստաթղթի տակ ստորագրած կողմերը չեն ստանձնել որևէ պարտավորություն՝ պայմանավորվածությունները ողջ ծավալով իրականացնելու մասին:  Ըստ նրա` հակառակ այն բանի, որ Ռուսաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, Ուկրաինան պարտավորվել է իրականացնել երկրում մի քանի փոփոխություններ, որոնք միայն Պյոտր Պորոշենկոյի կամքից չէ, որ կախված են:

Կարդացեք նաև

«Օրինակ` խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է: Չէ՞ որ այդ բարեփոխումները վերջնակետին հասցնելու համար   անհրաժեշտ է խորհրդարանում այդ հարցի նկատմամբ մեծամասնություն, իսկ Ուկրաինայի նման  երկրում նման բան կանխատեսելը բարդ գործ է: Ուկրաինան պարտավորություններ է վերցրել նաև անջատողականների վերաբերյալ, բայց մեծ հաշվով՝ կողմերն ամեն պահի կարող են հրաժարվել պայմանավորվածություններն իրագործելուց, քանի որ չկա պարտավորություն այդ մասով:

Այսինքն` մենք գոնե  ամբողջական համաձայնություն չունենք, քանի որ համաձայնությունից մեկ օր անց կողմերը հակասական  հայտարարություններով են հանդես գալիս: Պետք է պարզապես հույս ունենանք, որ հրադադարն ուժի մեջ կմտնի կեսգիշերից, քանի որ հիմա շարունակվում են  բախումներն Ուկրաինայի արևելքում:

Միակ դրական բանն այս պայմանավորվածությունների այն է, որ կողմերը նստեցին  բանակցային սեղանի շուրջ և ցույց տվեցին, որ սկզբունքորեն նրանք այն աստիճանի թշնամանքի մեջ չեն, որ  հնարավոր լիներ լայնածավալ պատերազմ հայտարարել»,- մեկնաբանեց Սերգեյ Գերասիմչուկը` շարունակելով, որ մի շարք կարևորագույն  հարցերի շուրջ պայմանավորվածության բացակայությունը ստիպում է մտածել, որ Մինսկյան պայմանավորվածությունները երկարաժամկետ  հեռանկարում չեն պահպանվի:

Ուկրաինացի վերլուծաբանի կարծիքով, եթե Մինսկում բանակցությունները  հաջող ընթացք ունենային, հիմքեր  կստեղծեին հետխորհրդային տարածքում մյուս բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության լարումը թուլացնելու կամ կարգավորելու համար: Ըստ նրա,  լարումը թուլացնելու բաղադրատոմսը նույնը չէր լինելու, բայց հստակ տեսլական կլիներ, որ Ռուսաստանն ու Արևմուտքը ցանկանում են ընդունել ինչ-որ բաղադրատոմս:

«Ցավոք սրտի, բանակցությունները հաջող չէին, լուծման բաղադրատոմսը չգտնվեց, ուստի բոլոր հակամարտությունները կպահպանվեն, խոսքը և՛ ԼՂ հակամարտության, և՛ Մերձդնեստրի մասին է: Այդ բանակցությունները ցույց տվեցին, որ մեկ բաղադրատոմս չկա, և յուրաքանչյուր հակամարտություն  պետք է վերլուծել իր առանձնահատուկ դիտանկյունից, իսկ Մինսկը չունեցավ այն բարերար ազդեցությունը, որը կարող էր ունենալ կայուն համաձայնությունների ձեռքբերման դեպքում: Ես չեմ բացառում, որ հակամարտությունները բորբոքվեն և՛ Հարավային Կովկասում, և՛ Մոլդովայում: Ցավոք սրտի, այս փուլում  մենք կարող ենք խոսել միայն ստատուս-քվոյի պահպանման մասին, բայց կարգավորում այս պայմաններում անհնար է ակնկալել»,- ասաց Սերգեյ Գերասիմչուկը` ամփոփելով, որ Արևմուտքին դեռ չի հաջողվում մեղմել Ռուսաստանի հրահրած հակամարտությունների լարումը:

 

Տեսանյութեր

Լրահոս