Շարմազանովը հիշեցնում է Ծառուկյանին

Հայաստանում ոմանք փորձում էին կանխատեսել, թե ինչպիսին կլինի քաղաքական գարունը` թե՞ժ, թե՞ որոշակի սրացումներով՝ ժողովրդին անձնական խնդիրներից կտրելու և լիցքաթափելու համար: Բայց սա այն դեպքն է, երբ, հիշելով Սևակին, հանգիստ կարելի է ասել՝ գարունը չեկած, փուլ եկավ քաղաքական երկնակամար:

Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ունեցած ելույթից հետո սկսվեց ՀՀԿ-ԲՀԿ մարտը` համեմված փոխադարձ մեղադրանքներով ու մերկացումներով: Եվ երբեմնի կոալիցիոն գործընկերները մեկը մյուսի համար դարձան չարիք:

ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ինքնախոստովանություն արեց` ասելով, որ ընդունում է մեղքի իր բաժինը՝ նման «վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար»: «Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո` բացատրելով, որ նա ուղղի իր սխալը,- ասել է Ս.Սարգսյանն ու շարունակել,- Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը` այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ` որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար:

Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար` հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար»:

Եվ մինչ բոլորը սպասում էին, թե ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում գնահատականներ կհնչեցվեն Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթի վերաբերյալ, կհնչի պաշտոնական արձագանք, ՀՀԿ վերնախավը որոշեց այլևս ձեռնպահ մնալ «այբն» ու «բենը» բացատրելու փորձերից ու քաղաքական դաշտը կրկին դարձնել «զուտ քաղաքական գործիչների հարթակ, քաղաքականությունը մաքրել տգիտությունից ու գործընթացները վերադարձնել մտավոր դաշտ»:

«Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին` իր տեղը, իսկ մոլորյալին` իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ»,- ասել է ՀՀԿ ղեկավարը:

Սերժ Սարգսյանի այս կոշտ ելույթին հաջորդիվ` Գագիկ Ծառուկյանը զրկվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, ԱԺ-ում մեկնարկել է նրան պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: Ու թեև ԲՀԿ-ականները պնդում են, թե ԱԺ-ից Ծառուկյանի նախկին բացակայություններն ԱԺ նախագահը հարգելի է համարել, առավել հավանական է, որ Գալուստ Սահակյանը նույնպես «մեղա կգա», կընդունի, որ սխալ է եղել, ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը կզրկվի մանդատից ու անձեռնմխելիությունից: Իսկ տարիներ շարունակ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի «օդում կախված» լինելու կարգավիճակն էլ շուտով կփոխվի, ու չի բացառվում, որ Ծառուկյանի անհնազանդության շարունակության դեպքում` նա էլ արժանանա Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ճակատագրին:

Այսպիսով իշխանությունը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ, «գնդակը տշեց» ԲՀԿ դաշտ: Եվ Ս.Սարգսյանի ծրագրային կոչված ելույթին ի պատասխան` Գ.Ծառուկյանն էլ հրավիրեց իր կուսակցության քաղխորհրդի նիստն ու հանդես եկավ սեփական ծրագրային ելույթով, ապա առանձին-առանձին հանդիպեց եռյակի մյուս անդամների հետ:

«Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։

Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ,- ասել է Գ.Ծառուկյանն ու հայտնել իր տարակուսանքը, թե պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում մեկ բառ անգամ չի տեսել` մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն,- Ոչ մի խոսք այն մասին, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ` զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները, թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել, թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը, և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել, թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն, ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին, թե ինչու է ԵԽ ԽՎ-ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, թե ինչու «Նաիրիտ» գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում»:

Ծառուկյանը նաև անկեղծացել է, թե իրեն «առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում` նախագահի պաշտոնը Սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի իշխանության վերարտադրությանը», ինչն ինքը կտրականապես մերժել է:
Ուշագրավ է, որ այլևս ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները միմյանց չեն դիմում անուններով, այլ կիրառում են «հայտնի մարդ» կամ «այդ անձը» եզրույթները:

Այս իրավիճակում բառացի «երկու քարի արանքում» է հայտնվել ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ, Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ խորհրդի նիստում Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ օգտագործելով վարչապետի իր լծակները՝ կկանխի բոլոր տիպի ոտնձգությունները։ «Ես ընդամենը կարող եմ ասել, որ ես անելիք ունեմ, կօգտագործեմ նաև իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները, և այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելով` չեն հասկանում, ուրեմն մի քանի անգամ պետք է ասենք, ու մի հատ էլ բամփենք։ Գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին է, համաձայն չեմ, որ ուշացած է»,- ասել է նա:

Ինչևէ: Փոխադարձ լուտանքներն ու մերկացումները դեռ կշարունակվեն: Այլևս փաստ է, որ երկկողմ խախտվել են քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները, մարտահրավերն էլ ընդունված է: Ծառուկյանն ու իր թիմակիցներն իրադրությունից ելքը տեսնում են արտահերթ ընտրությունների միջոցով: Ընդ որում, արդեն հստակ նշվեց` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

Այս խնդրի շուրջ «168 Ժամը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:

– Պարոն Շարմազանով, Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշել է, որ «երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Նախ ասել եմ, որ հերթական անգամ Ձեր նշած անձը կատարեց այն, ինչ որ մենք սպասում էինք, այսինքն` կարդաց, ընթերցեց ուրիշների գրած տեքստը` ոչինչ չհասկանալով: Դրա համար մեկնաբանելու կարիք չկա: Այն, ինչ մենք ասել ենք, ասել ենք երեկ (նկատի ունի ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը.- Գ.Խ.) հստակ, ամբողջական և շատ նորմալ:

– Ամեն դեպքում` հիմա արտահերթ ընտրությունների պահանջ է դրվում:

– Հայաստանում, ես ինչքան քաղաքական դաշտում եմ, միշտ էլ հայտնվել է մեկ կամ երկու քաղաքական ուժ, որը պարբերաբար նման պահանջներ դրել է: Եվ ո՞ւր են հիմա նրանք այսօր: Մի մասը քաղաքական դաշտում չի, մի մասն էլ դարձել է քաղաքական թոշակառու: Ինչպես տեսանք` քաղաքական թոշակառուների թիվն ավելացավ:

– Ասում է, որ ժողովրդի պահանջն է սա:

– Կարծում եմ, որ ժողովրդի անունից ինքը չէ, որ պետք է խոսի: Կեղծ մարգարեների և կեղծ փրկիչների ժամանակներն այլևս անցյալում են:

– Պարոն Շարմազանով, նաև նշում են, որ իշխանությունը գնում է ցնցումների ճանապարհով: Համամի՞տ եք:

– Առհասարակ իշխանությունը չի գնում ցնցումների ճանապարհով: Իշխանությունն ապացուցել է, որ ինքը դեմ է ցնցումներին և ամեն ինչ անում է կոնսոլիդացիայի և կոռեկտ քաղաքական պայքարի համար: Իշխանության երեկվա քայլը դա ընդամենը պատասխանն էր: Ինչպես իրենք էին ասում, կոնկրետ` ձեր նշած անձը, գնդակն ուղարկել էին իշխանության դաշտը, իշխանությունն էլ գնդակը տշեց իրենց դաշտը: Թող վազելով հասնի էդ գնդակին:

– Փաստորեն` մարտահրավերն ընդունում են: Ոմանք չեն բացառում, որ քաղաքացիական պատերազմ կարող է սկսվել: Ըստ Ձեզ` ի՞նչ է սպասվում:

– Չէ, ի՞նչ քաղաքացիական պատերազմ: Հայաստանում ոչ մի բան չի սպասվում, իշխանությունը պետք է իրականացնի իր վրա դրված օրենսդրական պարտավորությունները, ընդդիմությունը կիրականացնի իր պարտավորությունները: Ամեն ինչ պետք է լինի օրինական դաշտում: Բոլոր նրանք, ովքեր օրենքի հետ որևէ խնդիր չունեն, անհանգստանալու բան չունեն: Բոլոր նրանք, ովքեր օրենքի հետ խնդիր ունեն, պետք է լուրջ պրոբլեմների առաջ կանգնեն և լուրջ մտահոգվելու խնդիր ունեն: Բոլոր նրանք, ովքեր քաղաքական պայքարը կիրականացնեն քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով, օրենքի շրջանակներում, էլի անհանգստանալու բան չունեն: Բոլոր նրանք, ում մտքով կանցնի անցնել Հայաստանում օրենքի շրջանակը, լուրջ պրոբլեմներ կունենան:

– Կոչ է արվում համազգային մոբիլիզացիայի` չարիքի իշխանությունից ազատվելու համար: Ամենօրյա հանրահավաքներին ինչպե՞ս կարձագանքի իշխանությունը:

– Ես արդեն ասացի, որ կարիք չեմ համարում պատասխանել մի մարդու, որը կարդում է ուրիշի գրած տեքստերը:

Տեսանյութեր

Լրահոս