Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով երեք ամբաստանյալները՝ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանը, Ներսես Մելքոնյանը հրաժարվեցին ցուցմունք տալ: Նրանք հրաժարվեցին պատասխանել նաև կողմերի հարցերին:
Դատարանում ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում Վալերիկ Հովհաննիսյանի՝ որպես վկա տված ցուցմունքի մի մասը: Ամբաստանյալի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ իր պաշտպանյալը նման ցուցմունք չի տվել: Նրա խոսքով՝ գործում առկա են մի քանի տեղեկանքներ, որտեղ նշված է, որ Վալերիկ Հովհաննիսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալու, ընդ որում, նշված ցուցմունքից հետո ևս նման տեղեկանք կա. «Այսինքն՝ Վալերիկ Հովհաննիսյանը չէր կարող ցուցմունք տալ»: Բացի դա՝ փաստաբանի խոսքով՝ հստակ երևում է, որ ստորագրությունը նրան չի պատկանում:
Երեմ Սարգսյանն էլ պարզաբանեց, որ գործում առկա է Վալերիկ Հովհաննիսյան անուն ազգանունով վկայի հարցաքննության արձանագրություն, խնդրեց այս պահին հրապարակել դրա մի հատվածը և նշեց, որ հետագայում կողմերը կարող են գնահատել դրա թույլատրելիության հարցը:
Փաստաբանի միջնորդությունը բավարարվեց: Վկայի ցուցմունքում մասնավորապես նշված էր, որ մինչև իր վրա կրակելը կրակոցի ձայն է լսել, չի հիշում կոկրետ քանի հատ, ինչից հետո «դուռը բացեց և զենքը պահելով փորիս՝ կրակեց»: Ցուցմունքում նաև նշված էր, որ լեզվակռվի ընթացքում ինչ-որ մեկն ասել է, որ կին, երեխա կա: «Այսինքն՝ եթե ընդունենք, որ սա Վալերիկ Հովհաննիսյանի ցուցմունքն է, ապա դրանում տեղեկություն կա, որ մեքենայի մեջ փորին պահած է եղել զենքը, այսինքն՝ ըստ էության, դեպի ներքև»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա դատարանում հրապարակեց մի քանի փաստաթղթեր, մասնավորապես այն մասին, որ Գոռ Առաքելյանը կամովին է ներկայացել Ոստիկանություն, ներկայացրել իր մոտ առկա «Մակարով» տեսակի ատրճանակի նման ատրճանակը: ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանի համաձայն էլ՝ Գոռ Առաքելյանը դատվածություն չունի:
Երեմ Սարգսյանը հրապարակեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչին հասցեագրված գրությունը, որում նշվում էր, որ Գոռ Առաքելյանի մոտ հետազոտությունների տվյալներից ելնելով՝ ախտորոշվել է «շարունակական սթրեսայի նևրոտիկ վիճակ իրավիճակով պայմանավորված ժամանակավոր, մասնակի հիշողության կորստով». «Այս ախտորոշումը խիստ բնորոշ է աֆեկտի, հոգեկան խիստ հուզմունքի վիճակին:
Մասնագիտական գրականության մեջ նշված է, որ աֆեկտի ամենաբնորոշ հատկանիշներից է նաև հիշողության մասնակի կորուստը»: Փաստաբանն ասաց նաև, որ ինքը, հղում անելով այդ փաստաթղթին, միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու համար՝ պարզելու համար, թե արդյոք Գոռ Առաքելյանը գտնվե՞լ է աֆեկտի վիճակում: Սակայն, այդ միջնորդությունը մերժվել է այն պատճառբանությամբ, որ նա հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված չէ:
Փաստաբանը նշեց նաև, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել՝ գործով վկաներից մեկին՝ Վահան Հակոբյանին հայտնաբերելու համար. նրա խոսքով՝ վկա վահան Հակոբյանն այպիսի տվյալներ է հայտնել, որոնք մեղմացնում են Գոռ Առաքելյանի պատասխանատվությունը, սակայն նրա ցուցմունքը մեղադրական եզրակացությունում չի ներառվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապապատասխան հոդվածի խախտմամբ: Նրա խոսքով՝ օրենսգիրքը նախաքննական մարմնին պարտավորեցնում է մեղադրական եզրակացությունում ներառել նաև ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները և դրանց ստուգման արդյունքում ձեռք բերված ապացույցները, սակայն նշված վկայի ցուցմունքները կամայականորեն չեն ներառվել մեղադրական եզրակացությունում, որպեսզի «անմեղությունը հաստատող ապացույցերը դատարանում չհետազոտվեն»:
Երեմ Սարգսյանը հրապարակեց նաև բժշկական կենտրոնի կողմից Գոռ Առաքելյանի դստեր վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն՝ ախտորոշվել է «հետտրավմատիկ սթրեսային խանգարում, երեխան ուժեղ սթրես է տարել պատահարի հետևանքով, հիշելիս վեր է թռչում, անհանգսիտ է, նյարդային, ավելի ինքնամփոփ, ճնշված»:
Դատարանը հրապարակեց նաև տեղեկանքներ, որոնց համաձայն՝ ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը նախկինում դատապարտված չի եղել, իսկ Վալերիկ Հովհաննիսյանը պատասխատավության է ենթարկվել ՌԴ-ում:
Դատական նիստում բավարարվեց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել վկա Վահան Հակոբյանին և փորձագետ դատաձգաբանական փորձագետին: Բավարարվեց նաև մեղադրողի միջնորդությունը՝ վկաներից մեկին լրացուցիչ հարցաքննության վերաբերյալ:
Դատարանում ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն էլ դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի բնութագիրը. նրան բնութագրել էին որպես «չափազանց բարի և դաստիարակված անձնավորություն, հարևանների և շրջապատի կողմից վայելում է միայն սեր ու հարգանք»:
Բնութագրում նշվել էր, որ ամբաստանյալը աշխատասեր է, շնորհքով, ակտիվ մասնակցում է կազմակերպված միջոցառումներին և հասարակական աշխատանքներին, ընկերասեր է, պատրաստ է ամեն վայրկյան օգնել ընկերոջը՝ թե նեղության, թե ուրախության ժամանակ: Պաշտպանը ներկայացրեց նաև Վալերիկ Հովհաննիսյանի հորը հաշմանդության մասին վկայող փաստաթուղթ: