Եթե Մինսկում ստորագրություն է դրվել, այն պետք է հարգվի հատկապես անջատողականների և ՌԴ-ի կողմից. Իվան Կուխտա
ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան դեռ ծանոթ չէ «նորմանդյան քառյակ»-ի ձեռք բերած համաձայնությանը: Սակայն նա դրական է գնահատում, որ հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Ի պատասխան 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է վստահ, որ Ռուսաստանը կհարգի այս պայմանավորվածությունները, եթե կա Մինսկյան համաձայնագրերի նախադեպը, դեսպան Կուխտան պատասխանեց, որ Ուկրաինայի համար ամենակարևորը հրադադարն է, որպեսզի խաղաղ բնակչությունը չմահանա:
Նրա խոսքով` եթե ստորագրություն է դրված, նշանակում է այն պետք է հարգվի: «Մենք ոչ մեկ անգամ ենք ասել, որ մինսկյան համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին սեպտեմբեր ամսին, ինչպես հռչակագիրը, այնպես էլ՝ արձանագրությունը, պետք է ի կատար ածեն բոլոր կողմերը և առաջին հերթին հակամարտող կողմերը` անջատողականներն, Ուկրաինան և ՌԴ-ն: Մենք մեծ արդյունքների ենք սպասում այդ գագաթնաժողովից, որն այսօր ավարտվել է Մինսկում»,- ասաց Կուխտան: