Ինչ են ասել Գագիկ Ծառուկյանին Մոսկվայում

Վաղը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստը, որի ժամանակ, ըստ ՀՀԿ-ականների, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտնելու է իր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից ու հարցազրույցներից, Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից: Դրանից հետո ներքաղաքական կյանքում կհաստատվի նոր իրավիճակ. ոչ իշխանական ուժերը, ինչպես հայտնի է՝ դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ դա համարելով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանն ուղղված քայլ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հրավիրած վերջին խորհրդաժողովում ակնարկեց, որ եթե իշխանությունը չհրաժարվի քաղաքական ուժերի աջակցությունը չվայելող սահմանադրական փոփոխություններից, ժողովրդին այլ բան չի մնա, քան պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ծառուկյանը, ի դեպ, ժամկետներ չէր նշել, միևնույն ժամանակ՝ ընդհանրական կերպով արձանագրելով, որ ժամանակը երկար չի սպասում, ու գնդակն իշխանության դաշտում է: Եվ եթե Սերժ Սարգսյանն այսօր հայտարարի սահմանադրական փոփոխություններից չհրաժարվելու մասին, նույն տրամաբանությամբ՝ գնդակը կփոխանցվի ոչ իշխանական ուժերի, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի դաշտ:

Ինչպե՞ս կպատասխանի ԲՀԿ-ն: Այս հարցից է, ըստ էության, զգալիորեն կախված, թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացներն առաջիկայում: Հետաքրքիր է, որ ՀՀԿ նիստից առաջ այսօր Ծառուկյանի հրավիրած «Ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության» կողմից տարածվել է տեղեկանք, որում, ի թիվս այլ արձանագրումի, անդրադարձ կա նաև սահմանադրական փոփոխություններին:

«Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով Սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է: Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն այնուհանդերձ չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը և գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով»,- նշված է այդ տեղեկանքում, որի հիման վրա առաջիկայում հրապարակվելու է հռչակագիր:

Ուշագրավ է, որ այս փաստաթղթով, ըստ էության, առաջին անգամ իշխանափոխության ժամկետ է նշվում, թեև ոչ այնքան որոշակի: Թե երբ տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այն կայանալու է ոչ շուտ, քան 2016 թվականին: Որոշակի շրջանակներում չի բացառվում նաև հանրաքվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ անցկացնելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան 2016 թվականին: Ուշագրավ է, որ այս տեղեկանքը տարածվել է Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս