Ում կլսի Ծառուկյանը
ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Շրջանառության հարկի» դեմ բողոքի ակցիաների ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կիրառված աննախադեպ բռնությունից հետո ԲՀԿ-ին քաղաքականապես գրեթե նույնպիսի հարված հասցվեց իշխանության կողմից՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հարցազրույցի տեսքով:
Դրան Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակն ընդհանրական, առանց անունների պատասխան տվեց՝ հայտարարելով, որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա:
Վերջին օրերի իրադարձություններից հետո հիմնական հնչող հարցն այն է՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կնահանջի՞, թե՞ ավելի կկոշտացնի իր գործունեությունը: Այս պահին այդ հարցի պատասխանը դեռևս չի երևում և, կարելի է ասել, Ծառուկյանն՝ ինքը սպասողական վիճակում է: Դրանից բխում է, ի դեպ, հաջորդ հարցը: Ո՞ւմ է սպասում Ծառուկյանը: Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնարարքի բացահայտմա՞նը: Հազիվ թե: Մեծ է հավանականությունը, որ այդ հանցագործությունը դասվելու է չբացահայտվածների շարքին, կամ, եթե նույնիսկ բացահայտվելու է, առնվազն՝ ոչ տեսանելի ապագայում:
Հետևաբար՝ Գ. Ծառուկյանի սպասելիքների աղբյուրը պետք է փնտրել ոչ թե իրավապահ, այլ քաղաքական համակարգում: Առաջին հերթին՝ ԲՀԿ-ի ոչ իշխանական գործընկերների շրջանակում: Պատահական չէ, որ հենց այդ իրադարձություններից հետո ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» համատեղ հայտարարություն տարածեցին փետրվարի 15-ին երեք ուժերի առաջնորդների հանդիպման մասին: Եթե Ծառուկյանը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար լսի իր ոչ իշխանական գործընկերներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա ակնհայտ է, որ վերջիններս նրան խորհուրդ են տալու գնալ հանրահավաքների ճանապարհով և կոշտացնել պայքարն իշխանության դեմ:
Ամբողջ հարցն այն է՝ Ծառուկյանը կհետևի՞ այդ խորհուրդներին, թե՞, բացի Տեր-Պետրոսյանից ու Հովհաննիսյանից, կլսի նաև Ռոբերտ Քոչարյանի խորհուրդը: Չնայած, պետք չէ բացառել նաև, որ վերջինիս խորհուրդը լսեն և հետևեն եռյակի երեք առաջնորդներն էլ՝ միասին վերցրած:
Ի դեպ, Արտակ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցածից հետո ԲՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ առաջարկվել է կուսակցության խորհրդարանական խմբակցությանը՝ քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը: Թե որքանով խորհրդարանական բոյկոտը կարող է նպաստել Ա. Խաչատրյանի հանդեպ կատարված հանցագործության բացահայտմանը, այլ հարց է:
Սակայն ԱԺ աշխատանքների բոյկոտը, եթե դրան միանան նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ոչ իշխանական ուժերի համար կարող է ավելի երկարատև գործընթաց սկսելու հիմք դառնալ: Խոսքն ինչ-որ պահի ԱԺ-ի մանդատները վայր դնելու և պայքարն ամբողջությամբ փողոց տեղափոխելու հնարավորության մասին է: Դա կարող է իսկապես ազդեցիկ քայլ լինել: Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ոչ իշխանական ուժերը պատրաստ են այդ քայլին: