
Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսի առջև ելույթ կունենա մարտի 3-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսի առջև ելույթ է ունենալու մարտի 3-ին:
Այդ տեղեկատվությունը երեկ հաստատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոյները. «Սենատի ու Ներկայացուցիչների պալատի առջև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը նախկինի նման նշանակված է մարտի 3-ին»:
Հունվարին Նեթանյահուն հայտարարել էր Կոնգրեսի առջև ելույթ ունենալու անհրաժեշտության մասին՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Նա համապատասխան հրավեր է ստացել Բոյներից, ինչը հարուցել է Սպիտակ տունը վերահսկող դեմոկրատների դժգոհությունը: Նեթանյահուն ռիսկի է դիմում վատթարացնել Սպիտակ տան հետ իր հարաբերությունները:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Նեթանյահուն մարտի սկզբին երրորդ անգամ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև: Նա այնտեղ ելույթներ է ունեցել 1996 և 2011 թվականներին: Ցայժմ երեք անգամ Կոնգրեսի առջև ելույթ է ունեցել միայն Ուինսթոն Չերչիլը: