10 մարդիկ, որոնք միանգամից հաջողակ չեն դարձել
Մի հուսահատվեք, եթե չեք կարողանում գտնել ձեզ համապատասխան աշխատանք: Հաջողությունը միանգամից չի գալիս: Շատ մարդիկ, երբ 30 տարեկանի շրջանում վերանայում են իրենց կյանքը, հասկանում են, որ դեռ չեն հասցրել ինչ-որ կարևոր բան անել, և նրանց գլխում հայտնվում է այն անպիտան միտքը, որ ժամանակն անցել է և պետք է հարմարվել գործերի ընթացքին:
Adme.ru-ն առանձնացրել է 10 մարդկանց պատմություն, որոնք ապացուցում են. նոր բան սկսելը երբեք էլ ուշ չէ, հաջողությունը կգա, ուղղակի մի փոքր ուշ:
Ռեյ Կրոկ, McDonald’s-ի հիմնադիր. Մինչև 52 տարեկանը վաճառել է թղթե բաժակներ
«1954թ. ես 52 տարեկան էի: Տառապում էի արթրիտով և շաքարային դիաբետով: Հեռացրել էին լեղապարկս ու վահանաձև գեղձիս մեծ մասը: Բայց հավատում էի ապագային»,- հիշում է Ռեյ Կրոկը ճակատագրական այն պահը, երբ հանդիպեց Մակդոնալդ եղբայրների հետ:
Մեծ թվով հիվանդությունների հետ մեկտեղ, նա վատ էր լսում ու հարուստ չէր: Կրոկը հայտնի բիզնեսմեն էր, բայց նրա բոլոր նախաձեռնությունները մշտապես ձախողվում էին: Երբ 1954թ. պահանջվեց 15 հազար դոլար կանխիկ գումար Մակդոնալդսի շրջանառության համար անհրաժեշտ լիցենզիան գնելու համար, բոլոր բանկերը նրան մերժեցին: Նա ստիպված եղավ տունը գրավ դնել, իսկ դրանից հետո ապրեց ևս 30 տարի և աշխատեց 600 միլիոն դոլար:
Հերլանդ Դևիդ Սանդերս (Գնդապետ Սանդերս) KFC. 40 տարեկանում իր լցակայանի հաճախորդների համար հորինել է տապակած հավի պատրաստման եղանակը
Հետաքրքիր ճակատագիր է ունեցել արագ սննդի ռեստորանների հիմնադիրը. վաղ հասակում կորցրել է հորը, մայրը շատ էր աշխատում, իսկ ինքն այդ ժամանակվանից տան սննդի պատասխանատուն էր: Դրա հետ մեկտեղ, նա սկսել է վաղ հասակից աշխատել (10 տարեկանից), փորձել է տարբեր մասնագիտություններ, իսկ 12 տարեկանում հեռացել տնից, քանի որ լեզու չէր գտնում խորթ հոր հետ: Կարելի է ասել, որ գնդապետ Սանդերսն ամերիկյան երազանքի մարմնավորումն է:
«Կարծում եմ` տապակած ճուտն Ամերիկյան Հյուրընկալության Նշան Ճաշատեսակն է: Հենց այդպես` մեծատառերով: Ինձ համար կարևոր չէ, թե ով է նստած սեղանի շուրջ` թագավո՞ր, մեծահարո՞ւստ, թե՞ աղքատ մարդ: Եթե հյուր է եկել, նրան պետք է լավ կերակրել»,- ասում է Հերլանդ Սանդերսը:
Ջոաննա Ռոուլինգ Harry Potter-շարքի հեղինակ. Մինչև 31 տարեկանը եղել է միայնակ մայր
Վեպի գաղափարը նրա մոտ ծնվել է 1990թ., իսկ հետագա 7 տարիների ընթացքում կորցրեց աշխատանքը, ամուսնալուծվեց և ապրեց աղքատության մեջ, մինչև չհրատարակեց իր առաջին գիրքը` 1997թ.: Հիմա նա ամենավաճառվող հեղինակն է Մեծ Բրիտանիայում, իսկ 5 տարվա ընթացքում հեռացավ աղքատությունից` հայտնվելով մուլտիմիլիոների կարգավիճակում:
Ամանսիո Օրտեգա. Zara-ի սեփականատեր. Մինչև 37 տարեկանն աշխատել է խանութում՝ որպես օգնական
Աղքատության պատճառով Ամանսիոն չի կարողանում նույնիսկ միջնակարգ դպրոցն ավարտել և 13 տարեկանից սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում: 37 տարեկանում Ամանսիոն բացում է սեփական տրիկոտաժի ֆաբրիկան:
Սկզբնական շրջանում կնոջ` Ռոսալիայի հետ կարում էին խալաթներ, գիշերանոցներ և կանացի ներքնազգեստ` իրենց տան հյուրասենյակում: Մի անգամ հաճախորդը հետ է վերցնում հսկայածավալ պատվերը, և բիզնեսը փրկելու համար ամուսինները որոշում են ինքնուրույն վաճառել ապրանքը: Այսպիսով, 1975թ., երբ Ամանսիոն 40 տարեկան էր, նրանք բացում են Zorba անունով մի փոքրիկ խանութ: Իսկ արդեն 2012թ. Bloomberg գործակալությունն Օրտեգային ճանաչում է Եվրոպայի ամենահարուստ մարդը: Նրա ընկերությանն են պատկանում հետևյալ բրենդերը` Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius:
Հարիսոն Ֆորդ. դերասան և պրոդյուսեր. Մինչև 30 տարեկանը եղել է ատաղձագործ
1968թ. նկարահանվում է «Zabriskie Point» ֆիլմում, բայց նրա մասնակցությամբ բոլոր հատվածները մոնտաժվում են: Դրանից հետո որոշում է թողնել դերասանի կարիերան և դառնում է ատաղձագործ, մինչև նրան պատահական չի հանդիպում Ջորջ Լուկասը և հրավիրում նկարահանվելու «American Graffiti» ֆիլմում: Հարիսոն Ֆորդն այդ ժամանակ 30 տարեկան էր:
Մերի Քեյ Էշ. Mary Kay –ի հիմնադիրը. Մինչև 45 տարեկանը աշխատել է վաճառքի գործակալ
Մերի Քեյը 25 տարի աշխատել է վաճառքի գործակալ` այդպես էլ չստանալով պաշտոնի բարձրացում: Նա 45 տարեկան էր, երբ որոշում է ազատվել աշխատանքից և գրել գիրք կանանց ու բիզնեսի մասին: Գրքի գրման ընթացքը վերածվում է իդեալական ընկերության բիզնես-պլանի. նա որոշում է վաճառել մաշկի խնամքի միջոցներ: 1963թ. Մերի Քեյն ու իր ամուսինը հիմնադրում են Mary Kay Cosmetics ընկերությունը` նախնական 5000 դոլար եկամտով:
«Ես ցանկանում էի ստեղծել ընկերություն, որը ցանկացած կնոջ համար կստեղծեր հնարավորություններ. կին, որն ունի ընտանիք և դաստիարակում է երեխաներ, և նույնիսկ կին, որ տարված է իր կարիերայով»,- ասում է Մերին:
Հենրի Ֆորդ. Ford Motor Company-ի հիմնադիրը. Ընկերությունը հիմնադրել է 40 տարեկանում
Ծնվել է Իռլանդիայից գաղթածների ընտանիքում: Պատանեկության տարիներին փախչում է տնից և գնում Դեթրոյտ` աշխատելու: Մինչև 36 տարեկանը եղել է ինժեներ-մեխանիկ` Էդիսոնի ընկերությունում: Առաջին մեքենան նախագծել է 30 տարեկանում, իսկ սեփական ընկերությունը հիմնադրել է միայն 10 տարի անց:
Ամենամեծ հաջողությունն ընկերությունն ունեցավ 1908թ., Ford մոդելից հետո, երբ Հենրի Ֆորդը 45 տարեկան էր:
Ուրսուլա Բերնս. Xerox-ի գլխավոր տնօրեն. Մինչև 32 տարեկանը Xerox ընկերությունում զբաղեցրել է ցածր պաշտոններ
Ուրսուլան ծնվել է Մանհեթենի անապահով թաղամասերից մեկում` Իսթ-Սայդում, և մանկությունն անցկացրել է «Բարուքի տներում» (աղքատների համար նախատեսված տներ.- Ռ.Մ.):
Կրթություն ստանալուց հետո` 1980 թ., գնում է Xerox ընկերություն` փորձառական շրջան անցնելու: Իսկ 2009թ. Ուրսուլան դառնում է ընկերության գլխավոր տնօրենը և ամերիկյան ընկերություն ղեկավարող առաջին սևամորթ կինը:
Շելդոն Ադելսոն. Las Vegas Sands-ի հիմնադիր. Մինչև 30 տարեկանը վաճառել է շամպուններ և ապակի մաքրելու հեղուկներ
12 տարեկանում թողնում է դպրոցն ու ինչով ասես, որ չի զբաղվում. վաճառում է թերթեր, վաճառում է օճառ, շամպուն և անձեռոցիկներ` հյուրանոցներում, եղբոր` Լեննիի հետ, հիմնում են De-Ice-It ֆիրման, որը զբաղվում է սփրեյի և ավտոմեքենայի օդափոխիչի վաճառքով, աշխատել է նաև բրոքեր: Նույնիսկ հարազատ հոր գլուխն էր պտտվում որդու գործերից ու հետաքրքրություններից. «Շելդոն,- ասում էր տաքսու ծեր վարորդը,- դու ասես ձիու գոմաղբ լինես. դու ամենուր ես»:
Սկզբում նա հիմնադրում է համակարգչային ցուցահանդես Լաս-Վեգասում, իսկ 1988թ. հիմնադրում է Las Vegas Sands-ը` աշխարհի ամենամեծ խաղատունը: Բայց այդ ժամանակ նա արդեն 55 տարեկան էր:
Մանոյ Բհերգավա. 5-Hour Energy-ի հիմնադիրը. Մինչև 30 տարեկանը եղել է միաբան` Հնդկաստանի լեռնային մենաստանում
Իսկ հետո տեղափոխվում է ԱՄՆ և դառնում բիզնեսմեն` հիմնադրելով մի ընկերություն, որն արտադրում է 5-Hour Energy էներգետիկը: Նրա անվան հետ է կապված ըմպելիքների վնասակարության մասին ամենամեծ սկանդալը, բայց պատմությունն այդ մասին չէ: Ուղղակի պատկերացրեք, թե ինչպես է նրան հաջողվել տեղափոխվել այլ միջավայր և միաբանից վերածվել միլիոնատիրոջ:
Անդրեա Բոչելլի. երգիչ. Մինչև 33 տարեկանը սրճարաններում դաշնամուր է նվագել
12 տարեկանում ամբողջովին կուրանում է, ամբողջ կյանքում երազում է դառնալ օպերային երգիչ: Դրա համար նա տեղափոխվում է Թուրին, որտեղ հայտնի տենորի մոտ ստանում է վոկալի դասեր, իսկ երեկոյան գումար է աշխատում` տարբեր խմբերում դաշնամուր նվագելով:
1992թ. Անդրեան հաջողությամբ անցնում է լսումներն իտալացի ռոք-աստղ Ձուկերոյի մոտ: Դրանից հետո առաջին երգի ձայնագրությունն ընկնում է Լուչանո Պավարոտիի ձեռքը, և Անդրեան գնում է փառքի ճանապարհով: Հիմա նա հայտնի կատարող է ամբողջ աշխարհում:
Էնգ Լի. ռեժիսոր. Մինչև 36 տարեկանն անգործ է եղել
Կինոարտադրությունը սովորել է ԱՄՆ-ում և նկարահանել է մի քանի հաջողակ ուսանողական ֆիլմեր: Բայց այդ գործն առաջ չի գնում, և 6 տարի նա անգործ է մնում: Միայն 1990թ. , երբ արդեն 36 տարեկան էր, նրա սցենարը հաղթում է մրցույթում, որից հետո սկսվում է նրա` ռեժիսորի կարիերան: Հիմա Էնգ Լին հայտնի է ամբողջ աշխարհում, և երևի բոլորը տեսել են նրա ֆիլմերը. «Crouching Tiger, Hidden Dragon», «Brokeback Mountain», «Life of Pi», և այլն:
Երբեք մի հուսահատվեք և շարունակեք փնտրել: Հիշեք Տոլկինի խոսքերը. «Ոչ բոլոր մոլորվածներն են կորչել»:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը