«Գյուղացուն խորհուրդ եմ տալիս լոլիկի արտադրությամբ զբաղվել, այն մի քանի անգամ ավելի շահութաբեր է, քան՝ հացազգիները». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է՝ մտահոգիչ տարի է սպասվում մեզ: Հունվարը մտահոգիչ սկսվեց, տեղումները սակավ են, բայց, այնուամենայնիվ, Հ. Բերբերյանը հույս ունի, որ փետրվարին դեռ կունենանք տեղումներ, և ջրամբարները չեն ջրազրկվի: «Այսօր, իրոք, ջրամբարներում ջրի պրոբլեմ կա, բայց հուսով եմ՝ փետրվար-մարտ ամիսներին դա կկարգավորվի: Տարին դեռ նոր է սկսվում, և մեր մտահոգության հիմնական առիթը ծաղկակալումն է, քանի որ վաղ ծաղկակալումն ու բողբոջակալումը, համոզված եմ, պտղաբուծությանը կբերեն մեծ վնաս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Խոսելով բնակլիմայական հնարավոր վտանգների մասին՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ այժմ երեկոները դեռ 0-ից ցածր ջերմաստիճան է, իսկ ցերեկներn այսօրվա դրությամբ այնքան տաք չեն, որ բողբոջակալում սպասենք: Այնպես որ, եթե մի քիչ ցրտեց, ըստ Հրաչ Բերբերյանի, գործընթացը կկանգնի, ու մենք այստեղ էլ հաջողություն կունենանք:
«Կարծում եմ` փետրվարn ավելի ցուրտ կլինի, քանի որ այսպիսի եղանակներ մի քանի անգամ եղել է իմ փորձառության ընթացքում: Ինչևիցե, այսօրվա դրությամբ` որևէ վտանգ չունենք, կարևորը՝ դեռ բողբոջակալում ու ծաղկակալում չունենք: Եվ եթե մի փոքր էլ փետրվարը ցրտեց, այս ամիսն էլ հաջող կանցկացնենք ու մարտին էլ ծաղկակալմանը կպատրաստվենք: Ինչ վերաբերում է սակավաջրությանը, ապա կարծում եմ՝ փետրվարին ավելի հորդառատ տեղումներ կլինեն»,- ասում է Հ. Բերբերյանը:
Վերջինս ներկայացրեց նաև իրենց միավորման նախապատրաստական աշխատանքները. «Բոլոր մարզերին տրված է գրություն. եթե Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը վավերացվել է, և հունվարի 1-ից մենք արդեն կարող ենք օգտվել այդ երկրների շուկաներից, պետք է գնանք ինտենսիվ գյուղատնտեսության, իսկ դա էլ կբերի բերքի ավելացման: Եթե պտղաբուծության մեջ բերքի ավելացումը ժամանակի հարց է, ապա, ինչո՞ւ չէ, բանջարաբուծությունը շատ արագ կարող է վերարտադրվել և մեկ տարում անմիջապես քանակն ավելացնել»:
Հրաչ Բերբերյանը նաև նշեց, որ նրանց միավորումը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ ներկրելու 2500 տ բարձր վերարտադրության A և էլիտա դասի կարտոֆիլի տնկանյութ, որը կբաժանվի ագարակատերերին. այս հարցն արդեն քննարկվում է: Մյուս կողմից էլ՝ ագարակատերերին առաջարկում են չխուսափել մորմազգի մշակույթի մշակումից, քանի որ իտալացի և պարսիկ գիտնականնների հետ ունեցած բանակցությունների արդյունքում պարզել են, որ մորմազգիների ցեցը հետաքրքիր միջատ է. 3-4 տարի հետո ինքն իրեն այդ տարածքում վերանում է:
Հրաչ Բերբերյանն այսօր հայ գյուղացիներին կոչ է անում՝ անցնել մեր ավանդական բանջարեղենի արտադրությանը և չխուսափել լոլիկի, բադրիջանի, պղպեղի մշակությունից: «Այս 2-3 տարիների ընթացքում ցանքատարածությունները պակասել էին, ու մենք այս տարիների ընթացքում տոմատի մածուկ չէինք արտադրում, իսկ գործարանները պատրաստ են գյուղացուց լոլիկ գնելու: Այնպես որ, հիմա խորհուրդ եմ տալիս գյուղացուն լոլիկի արտադրությամբ զբաղվել, քանի որ լոլիկը մի քանի անգամ ավելի շահութաբեր է, քան՝ հացազգիները: Իհարկե, պետք է բուժումներ արվեն, բայց այն վտանգը, որ մենք ունեինք 2-3 տարի առաջ, այսօր չկա»,- ասում է Հրաչ Բերբերյանը:
Լուսանկարը՝ հեղինակի