Բաքուն փորձում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորել հրեական լոբբիի միջոցով. Yeni Müsavat

Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց ԱՄՆ-ի հրեական կոմիտեի (American Jewish Committee) գործադիր տնօրեն Դևիդ Հարիսին ու նրան ուղեկցող պատվիրակությանը: Հաղորդվել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը:

ԱՄՆ-ի հրեական կոմիտեն ազդեցիկ լոբբիստական կազմակերպություն է, նրա ու Ադրբեջանի իշխանությունների միջև վաղուց հաստատվել են սերտ շփումներ: Կոմիտեի ղեկավարները պարբերաբար այցելում են Ադրբեջան, հանդիպում են երկրի ղեկավարության հետ:

Առկա տեղեկությունների համաձայն՝ հենց այդ կազմակերպեությունն է ակտիվորեն մասնակցում պաշտոնական Բաքվի համար կազմակերպությունների ծավալած լոբիիստական գործունեությանը:

ԱՄՆ-ի հրեական կոմիտեի առաջնորդի այցը Բաքու համընկավ Վաշինգտոնի ու Բաքվի փոխհարաբերությունների սրացման հետ: Բաքուն ներկայումս ձգտում է կարգավորել դրանք:

Այդ նպատակով Վաշինգտոնում են գտնվում խորհրդարանի՝ միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի գծով հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն ու ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունեցող պատգամավոր Ասիմ Մոլազադեն:

Այցի կազմակերպիչների թվում հիշատակվում են Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Ռոսս Ուիլսոնն ու Ռիչարդ Մորնինգսթարը: Առկա տեղեկություններով՝ Սեիդովը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Բաքվի ռազմավարական առաջնահերթությունն է:

Հենց այս շրջանում ԱՄՆ-ի հրեական կոմիտեի առաջնորդի այցը վկայում է այն մասին, որ Բաքուն ցանկանում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավել իր ավանդական դաշնակիցներին ու գործընկերներին: Այդ ազդեցիկ լոբբիստական կազմակերպությունը կարող է շատ բանով օգնել Ադրբեջանի իշխանություններին, ինչպես որ արել է ավելի վաղ:

Տեսանյութեր

Լրահոս