Բելառուսն ու Հայաստանը ցանկանում են, բայց վախենում են կտրվել Ռուսաստանից, քանի որ դա լի է վտանգներով. Բելառուսցի քաղաքագետ

«Բելառուսն ու Հայաստանը ցանկանում են, բայց վախենում են կտրվել Ռուսաստանից, քանի որ դա լի է վտանգներով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բելառուսցի հեղինակավոր վերլուծաբան, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության  քաղաքական մեկնաբան Վալերի Կարբալևիչը` անդրադառնալով Բելառուս-Ռուսաստան տարաձայնություններին և «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի զեկույցին, որի համաձայն՝ Մոսկվայի ամենահավատարիմ Բելառուսը, հնարավոր է՝ վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Կարբալևիչը նշեց, որ  քիչ հավանական է` Բելառուսը կտրուկ կերպով սկսի վերանայել ռուս-բելառուսական հարաբերությունները, քանի որ Բելառուսն իր բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, ռազմական, մեծ կախվածություն ունի  Ռուսաստանից: Նրա կարծիքով` Բելառուսի ընտրության միջանցքը ևս շատ նեղ է, Բելառուսը նույնիսկ հնարավորություն չունի այլ տարբերակ դիտարկելու, քանի որ այդ կախվածությունը հասել է աննախադեպ ծավալների: Սակայն, նրա խոսքով, այլ հարց  է այն, որ Բելառուսը փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, մանևրել Ռուսաստանից, հավասարակշռել իր մոտեցումներն  ուկրաինական ճգնաժամի հարցում:

«Այստեղ Բելառուսը փորձում է  չեզոքություն պահպանել: Բելառուսը նպատակ ունի նաև    ապասառեցնել Արևմուտքի հետ հարաբերությունները, բայց այդ գործընթացը վերանայում չէի որակի: Բելառուսը՝ պահպանելով իր լավ հարաբերությունները  Ռուսաստանի հետ, փորձում է չվատթարացնել իր հարաբերություններն Ուկրաինայի հետ և ապասառեցնել հարաբերություններն Արևմուտքի հետ»,- նշեց Կարբալևիչը` շարունակելով, որ Բելառուս-Ռուսաստան համագործակցային հարաբերություններում մշտապես եղել են հակամարտություններ, աղմկահարույց դեպքեր, որոնք ժամանակ առ ժամանակ սրվել են, բայց դրանք իրարից հեռանալու չեն հանգեցրել: Նրա համոզմամբ` դա երբեք տեղի չի ունեցել, քանի որ  Բելառուսը Ռուսաստանից աննախադեպ կախվածության մեջ է գտնվում:

Անդրադառնալով հունվարի 1-ից գործող Եվրասիական տնտեսական միությանն ու դրա արդյունավետությանը՝ որպես տնտեսական միություն Բելառուսի համար` բելառուսցի վերլուծաբանն ասաց, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, այն անունը, որն այդ միությունն է  կրում, չի համապատասխանում իրականությանը:  Նա նշեց, որ դեռ  չի գործում Մաքսային միությունը, քանի որ դեռ կան  որոշակի բացառություններ, դեռ չկա ազատ առևտրի գոտի, միասնական տնտեսական գոտի, այսինքն` տնտեսական միության մասին ևս անիմաստ է խոսել, քանի որ  տնտեսական միությունը ենթադրում է մակրոտնտեսական քաղաքականության նույնականացում և մի շարք այլ գործընթացներ, որոնք այս միության դեպքում տեղի չեն ունենում:

Կարդացեք նաև

«Բելառուսը՝ ի շնորհիվ այդ միության գործունեության և գոյության,  անընդհատ կարող է  Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ստացվող  գազի և նավթի գներն իջեցնել: Սա Բելառուսի համար որոշիչ հանգամանք է: Եթե  այդ էներգակիրները վաճառվեին համաշխարհային գներով, ապա բելառուսական տնտեսությունը  կտապալվեր:  Բելառուսի համար կարևոր է նաև ռուսական շուկան: Բելառուսական արտադրանքի արտահանման 43%-ը գնում է Ռուսաստան: Այս իմաստով ևս Բելառուսի համար  չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ գործընկերությունը»,- մեկնաբանեց Վալերի Կարբալևիչը:

Քաղաքական վերլուծաբանը հերքեց նաև օրերս Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումների իրատեսականությունն այն մասին, թե Բելառուսը դուրս կգա ԵՏՄ-ից: Նա նշեց, որ Լուկաշենկոն այդ մասին խոսել է  միայն տեսականորեն: «Պրակտիկ իմաստ չունի այդ քայլը, քանի որ կկորցնի այն բոլոր արտոնությունները, որոնց շնորհիվ պահում է երկիրը»,- ասաց նա: Եզրափակելով՝ նա նշեց, որ ինչպես Բելառուսը, այնպես էլ Հայաստանը ներկայում մեծապես չեն կարող վերանայել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ կախվածության մեջ են Ռուսաստանից: «Այսինքն` այս երկու երկրներն այսօր դաշնակից են համարվում Ռուսաստանի համար, քանի որ վախենում են կտրվել Ռուսաստանից, քանի որ դա լի է մի շարք վտանգներով»,- ասաց նա` հավելելով, որ դրա համար կա ցանկություն, բայց ոչ՝ հնարավորություն:

Նշենք, որ ըստ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը, հնարավոր է՝ վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:  Հետազոտական այս կենտրոնի փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29-ի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը խորն է ու ամուր: Իսկ Հայաստանը, ըստ նույն փորձագետների, աճող դժվարությունների է հանդիպում Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի:

Տեսանյութեր

Լրահոս