«Ակցեռն»-ի նախագահը համաձայն չէ Կադաստրի կոմիտեի տվյալների հետ
2014 թ-ին անշարժ գույքի շուկայում ընդհանուր պահանջարկի անկում է եղել և 1 տարվա կտրվածքով պահանջարկը նվազել է 10%-ից ավելի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ չհամաձայնելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների հետ, ըստ որոնց՝ անցած տարի Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքներն ավելացել են 13.3%-ով:
«Մեր բազային տվյալներին դա չի համապատասխանում: Թե ի՞նչն է նպաստել առքուվաճառքի ծավալների ավելացմանը, չեմ կարող ասել»,- նշեց Հ.Բաղադասարյանը:
Ըստ նրա՝ այն բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել շուկայի վրա, բացասական են եղել անցած տարի, մասնավորապես, հիփոթեքի ծավալները նվազել են, իսկ հիփոթեքն առաջին ազդող գործոններից մեկն է, նաև տրասնֆերտների հետ կապված նույնպես նվազում կա:
«Հիփոթեքային վարկավորման ծավալները միանշանակ նվազել են: Ինչի՞ հաշվին է գործարքների քանակն ավելացել: Ընդհանուր առմամբ, դրամաշրջանառության անկում կա, որն ավելի շուտ բացասական գործոն է, քան դրական, և չի կարող նպաստել գործարքների ավելացմանը»»,- նշեց մասնագետը: