Բաժիններ՝

Կարմրուկի նշաններ. ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից

Կարմրուկը ինֆեկցիոն հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ուղիով: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ մարդը, վարակի փոխանցումը երրորդ անձի միջոցով անհնար է: Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին երեք օրվանից սկսած մինչև ցանավորման 5-րդ օրը, իսկ կարմրուկային թոքաբորբի դեպքում` մինչև 15-րդ օրը: Կարմրուկը ամենաբարձր վարակելիության աստիճան ունեցող ինֆեկցիան է, այն է` հիվանդի հետ շփում ունեցած և համապատասխան իմունիտետ չունեցող անձիք գրեթե 100% հավանականությամբ կարող են վարակվել կարմրուկով:

Ո՞րն է կարմրուկի պատճառը

Կարմրուկի հարուցիչը վիրուս է: Վարակումը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Մուտքի դուռը վերին շնչուղիների լորձաթաղանթն է, որտեղից վիրուսը թափանցում է օրգանիզմ, տարածվում արյան միջոցով` ախտահարելով մաշկը, լորձաթաղանթները, նյարդային և ավշային համակարգերը:

Ինչպիսի՞ գանգատներ են բնորոշ կարմրուկին

Գանգատները տարբեր են կարմրուկի տարբեր շրջաններում.

  • Գաղտնի շրջանը անցնում է առանց որևէ գանգատի և տևում է 9-21 օր:
  • Կատառալ կամ նախանշանների շրջան. տևում է 3-4 օր, բնորոշ է ջերմության բարձրացում մինչև 39 աստիճան և ավելի, չոր, տանջող հազ, քթի բռնվածություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, կոպերի այտուց, լուսավախություն, անքնություն: Երբեմն նկատվում է սրտխառնոց, փսխում, լուծ:
  • Ցանավորման շրջան. տևում է 3-4 օր: Առաջանում է ցան` բծավոր, թմբիկավոր բնույթի: Ցանը էտապային է, սկզբում լինում է դեմքի վրա, ականջների ետևում, ապա տարածվում է պարանոցի, իրանի և վերջույթների վրա: Նույն հաջորդականությամբ ցանը գունատվում է` ստանալով շագանակագույն երանգ, ապա` անհետանում: Ցանավորման ամբողջ շրջանում շարունակվում է տենդը և կատառալ երևույթները:

Պատվաստում ստացած երեխաների մոտ կարմրուկը ընթանում է թույլ արտահայտված ախտանիշներով, ոչ առատ ցանով, կարճատև:

Ինչպիսի՞ բարդություններ են բնորոշ կարմրուկին

Կարմրուկը կարող է տալ այնպիսի ահեղ բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, լարինգոտրախեիտը (կրուպ), բրոնխիտը, մենինգիտը, էնցեֆալիտը:

Կարմրուկի ժամանակ բարդությունների (վտանգի) նշաններից են`

  • ցնցումներ
  • գիտակցության խանգարումներ
  • բազմակի փսխումներ
  • համառ բարձր տենդ` 40 աստիճան և ավելի
  • առատ ցան` կապտավուն երանգով
  • դժվարացած, հաճախացած շնչառություն:

Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ առկա են կարմրուկի նշաններ

Եթե ձեր երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ, անհրաժեշտ է երեխային մեկուսացնել և դիմել տեղամասային մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին: Եթե կարմրուկի նշանները զուգակցվում են բարդությունների ախտանիշների հետ, ապա երեխային անհապաղ պետք է տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց:

Ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը տնային պայմաններում

Մանրամասն բուժումը կնշանակի բժիշկը: Ծնողները պետք է հետևեն բժշկի խորհուրդներին և իրականացնեն երեխայի խնամքը: Դա նշանակում է.

  • պահպանել անկողնային ռեժիմ ողջ տենդային շրջանում
  • պաշտպանել երեխային ուղղակի լույսի ազդեցությունից
  • տալ մեծ քանակությամբ հեղուկներ
  • հաճախակի լվանալ ձեռքերը և դեմքը
  • աչքերը օրը 1-2 անգամ լվանալ գոլ ջրով, իսկ բերանը ողողել ամեն ուտելուց հետո
  • բարձր ջերմության դեպքում` տալ ջերմիջեցնողներ
  • սնունդը պետք է լինի դյուրամարս, բարձր կալորիականությամբ, վիտամիններով հարուստ` կիսել, մածուն, բանջարեղենային պյուրե, ապուր, շիլաներ, թարմ մրգեր և բանջարեղեն, իսկ 3-4 օր հետո` լավ ջերմային մշակման ենթարկված ձուկ, միս:

Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից

Կարմրուկի զարգացումը կարելի է կանխել համապատասխան պատվաստումով: Մեր երկրում, ըստ պատվաստումների ազգային օրացույցի, այն պարտադիր կատարվում է 12 ամսականում և 6 տարեկանում (կարմրախտի և էպիդեմիկ պարոտիտի հետ միասին): Իսկ եթե Ձեր շրջապատում կամ ընտանիքում կա որևէ հիվանդ, որի մոտ կասկածվում է կարմրուկ, ապա նրան պետք է անհապաղ մեկուսացնել և տեղեկացնել Ձեր մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին:

Հրապարակումը՝ arabkirjmc.am-ից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս