Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն առաջարկում են վարչապետին առընթեր եռաֆունկցիոնալ կառույց ստեղծել

dԵվրասիական ինտեգրումը ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արևմուտքի և Ռուսաստան միջև ընթանում են արգելամիջոցների պատերազմներ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին և ծայրահեղ լարված է Եվրասիական աշխարահամասի բազմաթիվ վայրերում: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրում և զարգացում» Հ/Կ ղեկավար Արամ Սաֆարյանը, որն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարությանն ուղղված Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների առաջարկը:

Նա հիշեցրեց, որ իրենք անցյալ հետազոտություններ են կատարել՝ հիմնավորելու համար, որ Հայաստանը դրական ակնկալիք և սպասելիք ունի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացից:

Այժմ նրանք առաջարկում են ստեղծել ՀՀ վարչապետին առընթեր Եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ, որտեղ կլինեն Հայաստանի առաջատար տնտեսագետները, միջազգային իրավունքի մասնագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները: Այդ խորհուրդը պետք է ունենա 3 ֆունկցիա.

«Առաջին՝ Հայաստանի առաջատար տնտեսագետներից և այլ մասնագետներից բաղկացած այդ խորհուրդը կարող է Հայաստանի կառավարության համար անել որակյալ վելուծություն և խորհրդատվություն Եվրասիական տարածքում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացների մասին: Ես կարծում եմ՝ մեր իշխանությունները մանրամասնորեն պետք է հասցնեն տեղյակ լինել այն բուռն փոփոխություններից, որ այսօր ընթանում են Ռուսաստանում և ԵՏՄ տարածքի մյուս երկրներում»:

Կարդացեք նաև

Խորհրդի երկրորդ ֆունկցիան այն է, որ զանգվածային հեղինակավոր լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ այդ գիտափորձագիտական խորհուրդը կարող է զբաղվել հասարակությանը տեղեկացնելով այն նորությունների մասին, որոնք կարևոր կլինեն և որոնք 2015 թվականի ընթացքում տեղի կունենան:

Երրորդ ֆունկցիան այդ խորհրդի՝ Հայաստանի հեղինակավոր գիտնականների և փորձագետների մասնակցությունն է ռուսական, բելառուսական և ղազախական գիտափորձագիտական շրջանակների մասնակցությամբ անցնող միջոցառումներին.

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսագետները և մյուս փորձագետները ապացուցել են, որ մենք ունենք բավարար ներուժ՝ ոչ միայն փոքրիկ Հայաստանին հետաքրքրող տեղեկատվություն և գիտական մշակումներ կատարելու համար, այլև մասնակցելու համար Եվրասիական ավելի բարձր մակարդակով ընթացող քննարկումներին, մշակումներին, գիտական հետազոտություններին»,- նշեց Ա. Սաֆարյանը:

Ըստ բանախոսի՝ այդ գիտափորձագիտական խորհուրդը նաև անհրաժեշտ է, որովհետև, օրինակ, մեկ ամիս է անցել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից, սակայն մինչև հիմա հազարավոր մարդիկ չգիտեն, թե ինչպես է վերականգնվելու նրանց ՌԴ մտնելու իրավունքը, ինչպես են նրանք Ռուսաստան մտենլուց հետո օգտվելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին հավասար աշխատանքային իրավունքներից և սոցիալական փաթեթներից:

Ա. Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանում պետք է ստեղծվեն կառույցներ (շատ լավ կլինի, որ անվճար աշխատեն), որոնք տեղեկատվությունը թափանցիկ և հասանելի կդարձնեն Եվրասիական գործընթացների վերաբերյալ:

Դիտարկմանը, որ արդեն իսկ նոր նախարարություն է ստեղծվել այդ ֆունկիցաների համար, Ա. Սաֆարյանը պատասխանեց, որ սա չի կարող լինել նախարարության ֆունկցիան. «Պետական կառավարման մարմինը դրա համար չի ստեղծվում, այն ստեղծվում է կառավարման գործառույթներ իրականացնելու համար: Բայց ինքը իրեն առընթեր կարող է ունենալ հասարակական կառույցներ, որոնք պրոֆեսիոնալ առումով այդ գործը կարող են առաջ տանել: Եթե մենք չունենանք ամբողջական տեղեկատվություն Եվրասիական պրոցեսների մասին, մենք չենք կարողանալու իրացնել այն լավը, որի մասին մենք այս երկու տարի է խոսում ենք»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս